Մեր թաղից մի քիչ վերև համեմատաբար էժան մի խանութ կա:
Գնումներ կատարելու համար ոտքով քայլում եմ մինչև էդ խանութը, ոտքով հետ եմ դառնում: Երկու օգուտ եմ անում.ապրանքը թարմ ու էժան եմ առնում, ոտքով զբոսանքն էլ հաճույք ու առողջություն է պարգևում:
Բայց ուրիշ բան էի ուզում պատմել, շեղվեցի:
Հա, ուրեմն, մտնում եմ խանութ, տարիքի համեմատ խոշորամարմին, դեմքի մի քիչ միամիտ, մի քիչ էլ խեղճ հայացքով մի տղա կանգնած է պտուղ–բանջարեղենի բաժնի դիմաց: Ձեռքերը իրար ագուցած դրել է թմբլիկ փորիկին ու ճոճանակ նստածի նման օրորում է իրեն:
Անմիջապես հասկացա, որ ինչ–որ բան այնպես չէ:
Որոշեցի ես էլ թմբլիկի հետ առևտուրս սկսել հենց այդ բաժնից:
Վաճառողուհին, որ երկու րոպեով հեռացել էր, արագաքայլ «գրավեց պոստը» ու առաջինն ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ ուզում: Հայացքով ու ձեռքով թմբլիկին մատացույց արեցի, որ ինքն ինձանից առաջ էր կանգնած: Վաճառողուհին,պարզվեց, շատ լավ է ճանաչում տղային.
–Հը՛, Նարեկ,էսօ՞ր ինչ ես ուզում:
–Սխտոր,–օրորվելը չդադարացնելով պատասխանեց տղան:
Պատասխանը անսպասելի էր մեր երկուսի համար:
–Սխտո՞ր,–զարմանքը չզսպեց վաճառողուհին,–սխտորն ինչի՞դ է պետք...
–Հա՜, սխտորի՜ց երշիկի հո՜տ է գալիս, որ հացով ուտում եմ, ոնց որ երշիկո՜վ հաց ուտե՜մ,–երանության գիրկն ընկած բացատրում էր Նարեկն ու ավելի օրորվում ծոր տված բառերի հետ համընթաց:
Մինչ վաճառողուհին մի գլուխ սխտոր կմեկներ Նարեկին, խոսակցությանը հեռվից հետևող մի տղամարդ բռնեց Նարեկի թևից ու քաշեց դեպի իրեն.
–Արի՛, տղա ջան, ես քո համար շատ երշիկ կառնեմ ,հաց էլ կառնեմ, էլի ինչ կուզես կառնեմ, սխտորը հետ տուր...
–Չէ, ձաձա, սխտորն էլ թող մնա, չի փչանա, հետո կուտեմ,–վրա տալով առարկեց տղան ու սխտորը արագ–արագ թաքցրեց գրպանում:
Մինչ առևտուր կանեի, որոշակի բաներ իմացա Նարեկի ընտանիքի մասին:
Քիչ անց, Նարեկը երջանկությունից փորիկը ավելի ուռացրած, գլուխը բարձր, երջանիկ ժպիտը դեմքին, առևտրով ծանրաբեռնված տոպրակով դուրս եկավ խանութից ու արագաքայլ հեռացավ:
Երևի շտապում էր թոշակառու, հիվանդ, միայնակ մոր հետ կիսելու իր մի քանի ժամվա երջանկությունը, որ պարգևեց անձանոթ «ձաձան»:
Տեր Աստված, փառքդ շատ,ինչ լավ է, որ դեռ ուրիշի վշտին ականջալուր մարդիկ կան:
Ուրեմն դեռ հավատ ու հույս ունենանք,որ ամեն ինչ կորած չէ...քանի դեռ մարդկանց հոգիներում կարեկցանքը ողջ է: