«Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։
Ըստ այդմ, որոշվել է, որ կայքի նոր գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, որպես երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, www.1in.am-ը, նպատակադրվել է թիրախավորված ընդլայնել իր լսարանը։
Ստեղծված արդի ժամանակաշրջանում, կայքը իր կարևոր ու նոր խնդիրներից է հռչակել Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի քաղաքական և տնտեսական գահավիժումի, և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Արցախի առջև կանգնած օրախնդիր մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների մասին բազմակողմանի բարձրաձայնումը։ Ըստ հաղորդագրության, ներկա հանգրվանում, լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։
Համապետական կարևորագույն ընտրությունների նախօրեին, քաղաքական դաշտի ամայությունը լրատվամիջոցի առջև նոր խնդիր է առաջադրել՝ հանդես գալ նաև որպես գաղափարներ առաջադրող և գեներացնող՝ միաժամանակ պայքար մղելով ինքնիշխան, արժանապատիվ առաջադեմ և եվրոպական մոդելի պետության կայացման և զարգացման դեմ թաքնված և անթաքույց հանդես եկող իշխանական և կեղծ ընդդիմադիր ուժերի, օտարերկրյա գործակալների, առանձին գործիչների և հոսանքների դեմ։
Զուգահեռաբար կայքը վճռել է վերազինվել՝ Հայաստանում և սփյուռքի համայնքներում մեծացնելու համար իր ներկայությունն ու տարածվելու միջոցները։ Մեկ այլ որոշմամբ, լրատվամիջոցի սեփականատեր և նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը այսուհետ պատասխանատու կլինի կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։
Այս նյութը դիտել են - 4500 անգամ