Հոկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ:
Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը:
Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի հիմնադրման ու ավելի քան 200-ամյա պատմության մասին, անդրադարձավ ներկայումս կառույցի ուշադրության կենտրոնում գտնվող գիտական ուղղություններին և լայն աշխարհագրությամբ աչքի ընկնող բազմաոլորտ միջազգային համագործակցությանը:
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության ընդլայման անհրաժեշտությանը, գիտակրթական և փորձագիտական փոխանակման հեռանկարներին, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու փոխգործակցության ամրապնդմանը: