Չեմ ուզում հեռանալ իմ հայրենիքից
2016-10-17 12:21:00
11-րդ դասարանում է սովորում նա` Նարինե Գրիգորյանը, սիրունատես, մի ժպտերես աղջիկ: 
Նա ստիպված է հեռանալ հայրենիքից, ում համար հող հայրենին վաղուց է դարձել սրբություն, ու այդ սրբությամբ օծված` նա իր խոհերով միշտ սահմանին կանգնած զինվորի հետ է: Երբեմն զինվորական համազգեստով է նա, երբեմն` դպրոցական, իր մտորումներով` միշտ արցախական, բայց հոգում մի անզուսպ թախիծ, օտարվելու մի անհանգիստ կսկիծ կա, որ երբեմն զգացնել է տալիս այս նուրբ հոգին:
«Չեմ ուզում հեռանալ իմ հողից, այն հողից, որ ներկված է հայի արյունով, որ պաշտպանվում է մեր քաջ տղերքի կողմից: Իմ հողը իմ մայրն է, ինձ սնողն ու պահողը: Իմ հողը մի կնճռոտ և ալեհեր պապիկ է, ամեն մի կնճիռ մի վիշտ ու ցավ է: Չեմ ուզում հեռանալ այս հողից, սիրում եմ իմ հողը, իմ տունը: Ուզում եմ այս հողում ծլել, ծաղկել, արմատներ գցել և հավերժ ապրել: Ես պարտավոր եմ ապրել իմ հայրենիքում: Երբ հեռանամ իմ հողից, այդ ժամանակ կհեռանամ ինքս ինձնից, բայց ինչքան էլ լինենք օտարության գրկում, ինչքան էլ դուրեկան լինի անտեղի կյանքը, մեկ է` իմ Մարտակերտը մնում է ինձ համար ամենաթանկն ու հարազատը: Ես այստեղ հպարտ եմ ինձ զգում, ապահով ու պաշտպանված մեր զինվորների կողքին...»:
Ես նրա հետ զրուցում եմ, նա ասաց, որ մի քանի օրից երևի կճանապարհվեն, բայց հուսով է, որ նորից ետ կվերադառնան: Չեմ կարողանում նրան մխիթարել, երկու սրբություն կա նրա առջև` հարազատ մայր, ում հետ պիտի օտարության մեկնի, և հարազատ քաղաք, որտեղ անցած կյանք ունի, դպրոցական միջավայր, մտերմիկ դեմքեր...Որքա~ն լավ եմ հասկանում նրան, նաև զգում նրան սպասվող այն անզուսպ կարոտը, որ պիտի ծնվի նրա հոգում այն հեռավոր ափերում: Փորձում եմ հուսադրող խոսքերով կիսվել նրա հետ, բայց նրա դեմքին հայտնված թախծալից ժպիտը կամաց-կամաց մարում է, ու կարեկցանքս սառչում է դեմքիս, անխոս եմ դառնում, մտքերի մեջ անձնատուր եմ լինում խոհերիս, որտեղ մի երկարածամ գեղեցիկ աղջնակ կա, որ ստիպված է հեռանալ իր մայր հողից` իր հարազատ Մարտակերտից:
«Մարտակերտն իմ տունն է, իմ օրրանը, իմ հողն ու ջուրը, իմ հացը, ես այստեղ շատ հանգիստ ու ապահով եմ զգում, և որքան հեռու եմ լինում այստեղից, այնքան կարոտս ուժգին է լինում: Իմ քաղաքը մի մեծ պատմություն ունի կերտած, պատերազմներ ու հաղթանակներ, քաջարի մարտիկներ ունի նահատակված, մեր կողքին քայլող հերոսներ: Սիրում եմ խաղաղ օրերի երազանքներով ապրող քաղաքս, այնտեղ ապրող աշխարհի ամենաթանկ մարդկանց, չեմ ուզում լքել նրանց, իմ կյանքն այստեղ է` ապրածս օրերով ու գալիքով լուսավորված»:
Մի անհանգիստ տագնապ կա հոգումս, օտարվելու, ձուլվելու տագնապը... Հեռավոր ափեր մեկնողները դեռ որքա~ն պիտի հուսահատ պատեպատ զարկվեն` ազգային դեմքը պահելու համար...Ես ինքս էլ տխրում եմ, բայց ինչու՞ պիտի հայը հեռանա իր հայրենիքից, երբ հող կա հայրենի, այդ հողում` կսկիծ, արյուն կա հեղված, անցյալի հետքեր... Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 3988 անգամ