Այսօր ամբողջ օրը ողջ հայ ժողովուրդը շունչը պահած հետևում էր, թե ինչպես է իր քաջարի զավակը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անհավասար կռիվ տալիս բնության տարերքի դեմ: Ձնաբքի պատճառով նրա ավտոշարասյունը մնացել էր Վարդենիկից Երևան եկող ճանապարհին: Հետո տեղ էին հասել փրկարարները և Սահակյանին ազատել էին չար ձյուների ճիրաններից:
Այս տեղեկության հրապարակումից հետո անմիջապես շրջանառու դարձավ մի սրտաճմլիկ վարկած, համաձայն որի ԱԺ նախագահն ու մի խումբ պատգամավորներ Գեղարքունիքի մարզ էին գնացել՝ այցելելու սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց օգնություն էին տարել: Քիչ էր մնում մարդկանց աչքերը արցունքակալեին հուզմունքից, երբ բացահայտվեց դաժան ճշմարտությունը: Պարզվեց, որ ոչ մի սոցիալապես անապահով ընտանիք Գալուստի երեսն էլ չի տեսել, պատգամավորներին առավել ևս: Ինչպես անզգուշաբար բերանից թռցրել էր նրա մտերիմներից մեկը, Գալուստ Սահակյանն ընդամենը գնացել էր այդ կողմերում բնակվող իր ազգականների Նոր տարին շնորհավորելու և իր անձը գյուղացիների աչքում կարևորելու համար հետը տարել էր մի ամբողջ շարասյուն: Ահա այսքան բան: Սրան էլ գումարենք այն, որ իրականում ձնաբուքն էլ ձնաբուք չէր եղել, պարզապես ճանապարհի մի հատվածում ձյուն էր լցվել, ինչն արագ վերացվել էր համապատասխան ծառայությունների կողմից։ Սակայն ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ էր եղել հերոսականացում հաղորդել Գալուստի տոնական քեֆչիությանը, և ահա հորինել էին այս ամբողջ ոդիսականը: «Նա բքի մեջ է մնում, որ դու հանգիստ քնես» օպերացիան խայտառակ ձախողում կրեց:
Այս նյութը դիտել են - 1535 անգամ