Դպրոցական սիրո մի պատմություն
2016-10-18 11:28:00
 
 «Եթե լինեի Արփինեի փոխարեն, ես իմ ձեռքերով կսպանեի Արտաշեսին»,-12-րդ դասարանում իմ աշակերտուհու` Աննա Խաչատրյանի` զայրույթ արտահայտող այս խոսքն ինձ հանկարծակիի բերեց: 
Արտաքուստ հանգիստ է միշտ, երգելու հմայիչ ձայն ունի նա: Եվ ահա տանը կարդացել էր Լևոն Ադյանի պատմվածքներից մեկը`«Զովասուն թավ  անտառ էր, հուլիս», մի գեղեցիկ սիրո վերհուշ, որը, հանգամանքներից ելնելով, փլուզվում է: Գուցե այս գեղեցկատես դեռահասի անձնական կյանքում սիրո անհանգիստ ապրումնե՞ր կային, որ մի պահ իրեն պատկերացրել էր Արփինեի կերպարում, և այն պիտի արտահայտեր հոգու անհանգիստ պոռթկումով:
Պատմվածքի դիպաշարից գիտենք, որ Արտաշեսը տարիներ առաջ իր ծնողների հետ ընտանիքով գյուղից տեղափոխվել էր քաղաք, կարոտը հայրենի պապենական տան հանդեպ ծնվել էր տարիներ հետո, բայց գյուղական կյանքից կտրված երիտասարդը մոռացել էր իր խոստումները սիրած աղջկան: Անչափելի է Արփինեի հոգու տխրությունը, նա հոգեբանական ծանր դրամա է ապրում, երբ լսում է Արտաշեսի գյուղ գալու մասին: Նա ինքն էլ գյուղական հոգսաշատ կյանքով է ապրում և առաջին անգամ զգում է վանող տհաճություն այդ նույն կյանքով ապրող իր ամուսնու հանդեպ: Արփինեի հոգում ծնված հարցումը տարիներ շարունակ նրան տանջել էր, նա կարծես սպասել էր այդպիսի մի հանդիպման, գուցե կհարցներ նրան, թե ինչու՞ խաբեց իրեն, քաղաքում ընտանիք կազմեց ու հետ չվերադարձավ: Եվ ահա նա լսում, տեսնում է իր առաջին սիրո, տղամարդու մերձավորությունը կողքին, բայց Արտաշեսի կողմից օտարությունն իր հանդեպ փլուզում է նրա հոգին:
Դասամիջոցին մի քանի հարցեր եմ ուղղում իմ աշակերտուհուն` փորձելով մեղմացնել նրա վրդովմունքը. «Մի՞թե պատմվածքի հերոսուհին մեղավոր չէր, որ դպրոցական լինելով, այդքան մտերմիկ հարաբերության մեջ է եղել սիրած տղայի հետ»:
Ավելի եմ զարմանում նրա հաստատակամ պատասխանից. «Ո՛չ, աղջիկը սիրել է ու վստահել նրան, իսկ տղան նրան խաբել է: Արփինեն արժանի չէր այդքան վիշտ ու տառապանքի: Միայն նա է զգում չսիրած տղամարդու հետ ապրելու ցավը: Արտաշեսն իրավունք չուներ խաղալ Արփինեի մաքուր զգացումների հետ: Նա թույլ մարդ է, օգտվեց աղջկա միամտությունից...Այո՛, օգտվեց...Ես զզվում եմ Արտաշեսի նման տղաներից»:
Քարացած նրան լսում եմ, այդ պահին իմ աշակերտուհուն մի նոր կերպարով եմ տեսնում, մի բան, որ տարիների իմ դասավանդման ընթացքում երբևէ նրան այդպիսին չէի տեսել: Ու նորից եմ պնդում, որ դպրոցական աղջիկն իրավունք չուներ անձնատուր լինելու սիրո կրքերին: Իսկ նա ավելացնում է. «Եթե անգամ սխալվել է, Արփինեն չէր կարող ետ տալ ժամանակը, որպեսզի ուղղեր սխալը: Նրան մնում էր համակերպվել բախտի հետ ու ապրեր իր վաղեմի սիրո գեղեցիկ հուշով, որ ներսից ջերմացնում էր հոգին, բայց այդ սերը հանգավ, երբ գյուղ եկած այդ լկտի, ոչ հավասարակշռված Արտաշեսը չնկատելու տվեց նրան»:
Օրերի իմ տարակուսալից մտորումներից հետո աշակերտուհիս բացվեց. «Երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ սիրահարվել, բայց սիրահարվեցի...»:
Նա իր անձնական ապրումների մասին խոսեց, իմ համար մի նոր Աննա էր նա, մի նոր հրաշք գեղեցկուհի, ում մանկությունն անցել էր իմ աչքի առջև, և ես չեմ ուզում, որ նա իր հոգում անհանգստություն ունենա, բայց ուրախ եմ, որ հասկացանք իրար, և հուսով եմ, որ իմ սիրելի աշակերտուհու հետ մտերմորեն զրուցելու դեռ շատ առիթներ կունենամ:
 Նատաշա  Պողոսյան                                                                                                                                                     Արցախի վաստակավոր մանկավարժ,    	                                                                                                                       Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	                                                                                                         դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի   
Այս նյութը դիտել են - 4780 անգամ