Կյանքի մի գիրք և կորցրած մի սեր
2016-10-19 09:23:00
Նա դասարանում բարձրաձայն ասաց, որ այդ գիրքը, երբ բոլորն ընթերցեն, իրեն փոխանցեն, ուզում է նորից կարդալ վիպակներից մեկը: Ես գիտեի, որ նրա հոգում անհանգիստ տվայտանքներ կան, բայց փորձում էր ցույց չտալ: Օրեր անց նա ինձ հանձնեց Լևոն Ադյանի «Իրիկնային աղջամուղջ» ժողովածուն և մի տեսակ տխրամած ու խղճալի ասաց, որ նորից ընթերցել է «Այն հեռավոր ամռան» վիպակը, մի ստեղծագործություն, որի հերոսուհին անչափ հուզել է իրեն: 
Նա խոսում էր հատ-հատ, մի քիչ էլ` կցկտուր. «Ես դադար չունեմ, ընթերցում եմ, տխրում, լացում, որոշ ժամանակ անց նորից եմ թերթում, տողեր ընթերցում, ավելի հուզվում: Այդ վիպակն ինձ սովորեցրեց, որ վսեմ սիրո համար մի ամբողջ կյանք է հարկավոր, իսկ այն կորցնելու համար` մի վայրկյան:
Տեսնելով Մարինեի տառապալից կյանքը` հիմա կարողանում եմ տարբերել ճիշտն ու սխալը: Հասկանում եմ արդեն, որ մեր կյանքի գեղեցիկ վարդերը կարող են թոշնել ուրիշի գրկում, ինչպես վիպակի գեղեցկատենչ Մարինեն, որ չգնահատեց իսկական սերը և դժբախտացավ` իր հետևում թողնելով սիրո մի անմոռանալի հիշողություն»:
12-րդ հումանիտար դասարանում է սովորում Անուշ Դանիելյանը, ամենաընթերցասեր աշակերտուհին է, ազնիվ ու մեղմ բնավորությամբ մի հրաշալի անձնավորություն: Այդ վիպակում Ադյանի գրական կերպարների ապրած զգացողությունը զուգահեռվում է իմ աշակերտուհու անձնական սիրո ապրումներին. «Ինչքան էլ անիրագործելի լինեն երազանքներս, ես թաքուն հույս եմ փայփայում, որ մի օր նրան կհանդիպեմ: Սկզբում համոզված էի, որ նրա սրտում ես տեղ չունեմ, զայրանում էի, որ ընկնում էր հետևիցս, զանգահարում, անհանգստացնում օր ու գիշեր: Եվ մի օր էլ նա մոռացավ ինձ անսպասելի: Ես սկսեցի կարոտել նրան, հիշել նրա կցկտուր խոստումները...Ինչպես Ադյանն է ասում, ես հասկացա, որ անմոռանալի, գեղեցիկ օրեր միշտ էլ լինում են, ուղղակի պետք է պահպանել այն երկու ձեռքով, որպեսզի ժամանակ առ ժամանակ մեր սրտերը լցվեն սիրով, կարոտով ու երջանկությամբ»:
Եվ ես մտաբերում եմ «Այն հեռավոր ամռան» վիպակում արտահայտած գրողի իմաստուն և ճշմարտացի մարդկային կենսափիլիսոփայությունը, որ երբեմն կյանքում լինում են բաներ, երբ հնարավոր չէ ետ վերադարձնել` «նետած քարը, ասված խոսքը, չօգտագործված հնարավորությունը, ժամանակը, որ բաց է թողնվում, և սերը, որ կորցրել ես ընդմիշտ »:
Ես մտքերով իմ աշակերտուհու հետ եմ, որ ուզում էր գրել նամակ, և ինչքան շա~տ բաներ ուներ նրան բացատրելու, բայց հաղթահարեց ցավը, չուղարկեց իր գրած նամակը. «Ես վախկոտ էի, ամաչկոտ, աղջկական հպարտությունս թույլ չտվեց ուղարկեմ այդ նամակը, բայց սկսեցի սպասել: Որքան տհաճ էր այդ սպասումը, նույնքան անդուր էր ուշացումը: Հիմա եմ հասկանում, որ ուշացումը հավատի սպառում է` հույսի կորուստ»:
Որպես ուսուցչուհի` ուզում եմ օգնել նրան, և իզուր չէ, որ երբեմն դպրոցում ամենաշահեկան դիրքորոշումն եմ ընտրում` դեռահասի հետ ավագ դասարաններում լինել ընկերական, մտերմիկ միջավայրում: Եվ ահա իմ աշակերտուհին մտովի երևում է ինձ այդ վիպակը թերթելիս, որ նրա համար դարձել է կյանքի գիրք, որպեսզի կարողանա հաղթահարի դեռահասության ճգնաժամի դժվարությունները:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան 
միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  
Այս նյութը դիտել են - 3383 անգամ