Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014 թվականին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային եւ աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 թվականին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
«Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ն, ում հետ պայմանագիր է կնքել «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն, ըստ Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ գրանցվել է 2014 թվականի ապրիլի 14-ին, իսկ արդեն 2015 թվականի հունիսի 23-ին՝ դադարեցրել գործունեությունը
Չի բացառվում, որ կարճաժամկետ այս գործունեությունն ունեցել է կոնկրետ նպատակ, այն է՝ որոշ մութ գործարքներ իրականացնել:
Պաշտոնական հայտարարությունների կայքում առկա է մի փաստաթուղթ՝ «Պրոգրես աուդիտ» ընկերության կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտ անցկացնելու վերաբերյալ:
2013 թվականին իրականացված աուդիտի փաստաթղթում նշված է ՓԲԸ-ի տնօրենի տվյալները՝ Մարտիկ Արզաքանցյան: Ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Մարտիկ Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սարալանջային փողոցի բնակիչ է:
Մարտիկ Արզաքանցյանը նաեւ «Նիկել սար» ՍՊԸ տնօրենն է: 2005 թվականին հիմնադրված այս ընկերության հիմնադիրն ու 100 տոկոսանոց բաժնետերը, ըստ Արդարադատության նախարարության ռեգիստրի տվյալների, Տիգրան Արզաքանցյանն է:
«Նիկելի սար» ընկերությունը 2012 թվականին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից Շիրակի մարզի Մուսաելյան-Բարգուշատի բազմամետաղի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է ստացել: 2011 թվականին այս ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է սկսել իրականացնել նաեւ Շիրակի մարզի Ամասիայի բազմամետաղների հանքավայրում:
«Նիկելի սար» ՍՊԸ-ն 2013-2015 թվականներին դատական պատմությունների մեջ է հայտնվել: Նրա դեմ ներկայացվել են բռնագանձման եւ սննկացման մի քանի հայցեր:
2013 թվականին, օրինակ, «Գրանդ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան, պահանջելով «Նիկելի սար» ՍՊԸ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ գումար: Գործի մանրամասները «Դատալեքս» տեղեկատական համակարգը փակ է պահում, նշելով, որ քննության նյութերում կան անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ: Այս գործով որոշումը դեռեւս հրապարակված չէ:
2014թ. մայիսին Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:
Գործի մանրամասները հետեւյալն են. Անդրեյ Սիչի եւ Տիգրան Արզաքանցյանի միջեւ 2012թ. հոկտեմբերին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Սիչը Արզաքանցյանին է հանձնել 280 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը՝ երեք մասով, հայ գործարարը պարտավորվել էր Սիչին հանձնել ամենաուշը 2013 թվականի հունվարի 31-ին, պարտավորվելով հակառակ դեպքում փոխատուին վճարել տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար փոխառության գումարի ժամկետանց մասի 0,15%-ի չափով։
Սակայն Արզաքանցյանը մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը կանխիկ եւ բանկային հաշվին փոխանցելու միջոցով գործընկերոջը վերադարձրել է ընդամենը 75 հազար 608 դոլար, արդյունքում պարտք մնալով 204 հազար 392 ԱՄՆ դոլար: Իսկ արդեն 2013 թվականի նոյեմբեր ամսին Սիչը հաշվարկել է տույժը եւ Արզաքանցյանին ներկայացրել այն՝ եւս 103 հազար 983 դոլարի պարտավորություն: Ի պատասխան Սիչի՝ գումարը վերադարձնելու պահանջին, Արզաքանցյանը որեւէ քայլ չի ձեռնարկել:
Հայ գործարարը, չնայած ծանուցված լինելուն, դատական նիստերին չի էլ ներկայացել, եւ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ:
Ի դեպ, Հայաստանում գործում է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» անվանումով երկու ընկերություն՝ համապատասխանաբար ՍՊԸ եւ ՓԲԸ: 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել էր հանքարդյունահանման լիցենզիա: Ընկերության բաժնետերերն էին Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Արզաքանցյանը:
Աբրահամյանն ու Արզաքանցյանը 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա էին ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքային դաշտի հարավային մասի հեռանկարային տեղամասում: «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 2010 թ. ոսկու ուսումնասիրման լիցենզիա էր ստացել նաեւ Մեղրաձորի Լուսաջուրի տեղամասում, եւ Տիգրան Արզաքանցյանը Եվրոպայում զբաղված էր հանքավայրերի համար գնորդներ փնտրելով:
Այս նյութը դիտել են - 1534 անգամ