Ավանդաբար ոխերիմ հակառակորդներ համարվող երկու կուսակցություններ՝ ռամկավարներն ու հնչակները հանկարծ որոշեցին բուռն սիրավեպ սկսել: Մի քիչ հուզիչ, մի քիչ էլ ծիծաղելի են զառամյալների քնքշագին զեղումները, որոնք դրսևորվեցին նաև այսօր:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության գրասենյակում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համատեղ ժողովը։
Համաձայն տարածված հաղորդագրության, ժողովի ընթացքում քննարկվեցին ներքին քաղաքական և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: Կողմերը որոշեցին ստեղծել միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումներ իրականացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու համար:
Հայաստանյան քաղաքական դաշտում բացարձակապես ոչ մի դերակատարում և ազդեցություն չունեցող այս ուժերը, որոնց մասին կարելի է վերհիշել միայն պատմության փոշոտ դասագրքերը թերթելիս, հիմա ընդամենը մի բան կարող են ցանկանալ՝ իրենց անպետքությունը կոմպենսացնել նվազագույն, չնչին ներկայություն ապահովելով, այսինքն` միավորվել, որ գոնե տեսանելի լինեն անզեն աչքերի համար:
Ու քանի որ ավելին անելու անընդունակ են, ապա սրանց մաքսիմում ծրագիրը կարող է լինել կցվել որևէ ուժի պոչից, քարշ գալ մի տևական ժամանակ և հույսեր փայփայել, թե այդ կցումը կգնահատվի: Հիմա դեռ իրար են կցվում: Իսկ դրա համար մեծ բան պետք չէ. պետք է սոսկ հրաժարվել հիշողությունից, հրաժարվել սկզբունքներից ու գաղափարներից և սրտագին կերպով կենակցել՝ նոր ժառանգի սպասումով:
Այս նյութը դիտել են - 7761 անգամ