Չնայած, որ հայերը Միացյալ Նահանգների բնակչության բավականին փոքր տոկոսն են կազմում, ԱՄՆ-ի հայ համայնքը երկրի ամենաազդեցիկ համայնքներից մեկն է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում, որտեղ ռուսական իշխանությունների իսկ պնդմամբ երկու միլիոնից ավելի հայ է բնակվում, տեղի հայ համայնքն անկազմակերպ է եւ թույլ: Ո՞րն է պատճառը, որ Միացյալ Նահանգների հայերին հաջողվում է ազդել իրենց ղեկավարների վրա, իսկ Ռուսաստանի հայերին՝ ոչ եւ արդյոք կապ ունի՞ այս հարցում երկրում ժողովրդավարության զարգացման աստիճանը:Ինչպե՞ս է Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հաջողվում իրենց ձայնը լսելի դարձնել եւ նկատելի դեր խաղալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքն իր իսկ ներկայացուցիչների խոսքով անարդարացի չնչին դեր է խաղում Ռուսաստանի իշխանությունների որոշումների վրա ազդեցության տեսակետից: Հիմնական պատճառներից մեկը երկրում ժողովրդավարության զարգացման մակարդակն է, ասում է վերլուծաբան Արմեն Խարազյանը.«Եթե պետության մեջ հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, եթե կա դրանց գործադրման եւ դրանց պաշտպանության ստեղծված եւ կանոնակարգված մեխանիզմներ, ապա համայնքն ունի ինքնաարտահայտվելու բավականաչափ ազատություն»:
Միացյալ Նահանգների շուրջ 700-հազարանոց հայ համայնքը կազմում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը քարորդ տոկոսը, սակայն, ճանաչված է առավել ազդեցիկ համայնքներից մեկը: Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ Վլադիմիր Պուտինի պնդմամբ ավելի շատ հայ է բնակվում քան Հայաստանում, հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության շուրջ երկու տոկոսը, սակայն, հայ համայնքի ազդեցությունը Մոսկվայի վրա չի զգացվում:
«Միացյալ Նահանգներում ցանկացած հասարակական ակտիվություն ներդաշնակ է ամերիկյան ժողովրդավարական համակարգի գործունեությանը, հենց այդպես է կազմակերպված ամերիկյան հասարակությունը: Ամերիկահայությունն էլ, լինելով այդ հասարակության մաս, օգտվում է այդ հնարավորություններից՝ հնարավորություն ունենալով ազդելու ամերիկյան քաղաքականության վրա», - նշում է Խարազյանը:
ԱՄՆ-ի հայ համայնքն անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում երկրի գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում պահանջներ ներկայացնելով սեփական իշխանություններին կամ քննադատելով դրանց, նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին.
«Մենք հրապարակայնորեն քննադատում ենք իշխանություններին, երբ դա տեղին է, եւ շարունակում ենք քննադատել այնքան ժամանակ, մինչեւ նրանք անեն այն ինչ ճիշտ է»:
Չնայած տեղի ունեցող սուր քննադատությանը իշխանությունների հասցեին, Սպիտակ տան եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության պաշտոնյաները միշտ հանդիպում եւ խորհրդակցում են հայ համայնքի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգներում ազգային համայնքները դիտարկում են այլ կերպ, նշում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մոնա Յակուբյանը.
«Մենք գնալով ավելի ենք համոզվում, որ ազգային համայնքները երկրի զարգացման կարեւորագույն ներուժ են հանդիսանում»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայ համայնքին, ապա այն զրկված է իր պահանջները բարձրաձայնելու հնարավորությունից նույնքան, որքան Ռուսաստանի Դաշնության մյուս քաղաքացիները, նշում է վերլուծաբանը:
«Ազգային փոքրամասնությունները, ինչպես տվյալ երկրի հասարակություն մնացած բոլոր խավերը, զրկված են ինքնուրույն քաղաքական ակտիվիզմ դրսեւորելու հնարավորությունից, չեն կարողանում ինքնակազմակերպվել եւ լսելի դարձնել իրենց ձայնը», - նշում է Արմեն Խարազյանը:
Հատկանշական է, որ երբ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին, Հայաստանում ցույցեր էին կազմակերպվում, պահանջելով Ռուսաստանից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, նման ցույցեր տեղի չունեցան Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ռուսաստանի երկուս ու կես միլիոնանոց հայ համայնքի լռությունը զարմացրել էր նաեւ որոշ հայտնի հայ գործիչների, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին փոքրաթիվ Իսրայելի հայ համայնքը ցույց էր կազմակերպել, պահանջելով Իսրայելի իշխանություններից դադարեցնել զենքի վաճառքը ադրբեջանական կողմին: Այս կապակցությամբ հատկանշական է, որ երբ 2012 թվականին Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը փորձել էր թույլատրել ամերիկյան զենք արտադրողներին Ադրբեջանին որոշ ռազմական սարքավորումներ վաճառել, ԱՄՆ-ի հայ համայնքն անմիջապես բարձրացրել էր բողոքի ձայնը եւ հասել Ադրբեջանին ամերիկյան զենքի վաճառքն արգելող որոշման պահպանմանը: Բրայն Արդունիի խոսքով, հայ համայնքն օգտվում է առաջին հերթին ժողովրդավարության ընձեռած լծակներից.
«Ժողովրդավարության պայմաններում մարդկանց նույնիսկ փոքր խումբը կարող է զգալի փոփոխություններ արձանագրել»:
Համայնքների ազդեցության տարբեր չափի մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ դրանց ստեղծման պատմությունը, նշում է Արմեն Խարազյանը.
«Ռուսաստանի հայկական ինքնակազմակերպման հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանում գործարար գործունեություն ծավալած նորահարուստ հայերն են: Միացյալ Նահանգներում դա շատ ավելի հորիզոնական բնույթ է կրում»:
Պատմելով իր կազմակերպության ֆինանսավորման հիմնական աղբյուրների մասին, Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես նշել է, որ այն գործում է հիմնականում շարքային ամերիկահայերի դրամական միջոցներով.
«Մեր բյուջեի հիմնասյունը միջին խավի ընտանիքներն են, ովքեր ուղարկում են միջինում 50-100 դոլար»:
Միեւնույն ժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ Մոսկվան ոչ միայն թույլ չի տալիս իր տարածքում բնակվող ազգային համայնքներին ինքնակազմակերպվել եւ սեփական ձայնը լսելի դարձնել, այլեւ փորձում է օգտագործել այդ համայնքները՝ նրանց պատմական հայրենիքի վրա ճնշում գործադրելու նպատակով.
«Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումը հատկապես վերջերս դարձել է պետական քաղաքականության ձեւ, ընդհուպ մինչեւ ազգային կառույցներին կամ ազգային փոքրամասնություններին պատանդ պահելը՝ ճնշում գործադրելով նրանց պատմական հայրենիքների նկատմամբ»:
Այդպիսով, Մոսկվան փորձում է խառնվել Խորհրդային Միության նախկին անդամների, իսկ այժմ՝ անկախ պետությունների ներքին քաղաքականության մեջ, ընդգծում է «Միջամերիկյան երկխոսություն» կազմակերպության ներկայացուցիչ Մանուել Օրոզքոն.
«Ռուսաստանի համար դա քաղաքական լծակ է՝ որոշ զարգացուցմների վրա ներազդելու նպատակով: Այդպես էր Մոլդովայում, որի արտաքին քաղաքականության վրա Ռուսաստանը զգալի ճնշում է կատարում օգտագործելով ազգային համայնքը նման իրավիճակ էր նաեւ Վրաստանի դեպքում: Թե՛ 2008-ին եւ թե՛ այսօր Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական զարգացումների վրա՝ օգտագործելով իր տարածքում գտնվող վրացիներին որպես լծակ»:
Հատկանշական է նաեւ, որ թույլ չտալով իր տարածքում բնակվող ազգային համայնքներին գլուխ բարձրացնել, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում, առանց վարանելու պատրաստ է ներքաշվել այլ երկրների ներքին հարցերի մեջ՝ որպես լծակ օգտագործելով այդ երկրներում բնակվող ռուս համայնքները, ընդգծում են փորձագետները:
amerikayidzayn.com