Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը
2016-10-20 14:26:00
Խաղողագործների հանդեպ մեկ տարուց ավել իրականացվող հանցավոր վերաբերմունքը տվեց իր կանխատեսված արդյունքը: Նախորդ տարվա համեմատ մթերվել է 50 տոկոսից պակաս խաղող։ Այսինքն՝ ընդամեը կեսը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Այնպես ասաց, կարծես ոչ մի առանձնահատուկ բան էլ չի կատարվել: «Հիսուն տոկոս պակաս են եղել մթերումները, քանի որ կարկտահարություն է եղել, ցրտահարություն, իսկ նախորդ տարի բնակլիմայական պայմաններն ավելի բարենպաստ էին»,- պարզաբանեց նախարարը՝ մեկ նախադասության մեջ միանգամից երեք ամոթալի սուտ ասելով:
Բոլորն էլ հրաշալի հիշում են, որ այս տարվա ցրտերն անյպես ուժգին չէին, ինչպես նախորդ տարիներին: Կարկտահարությունն էլ վնասել էր գյուղատնտեսական ցանքատարածությունները, բայց ոչ խաղողի այգիները: Մի խոսքով, կլիմայական պայմանները դրախտային չէին, սակայն աղետալի նույնպես չեղան:
Փոխարենը հողագործի գլխին պատիժ դարձան մթերող կազմակերպությունները՝ գյուղնախարարության բարձր հովանու ներքո: Նախորդ տարվա խայտառակ իրավիճակը, երբ խաղողը մթերվեց, իսկ գումարները չտրվեցին, խաղողագործներին ստիպեցին գնալ ծայրահեղ քայլի՝ քանդել իրենց այգիները, իսկ եթե ոմանք դեռ շարունակեցին մշակել, ապա եղած բերքի համար էլ իրացման այլ ձևեր մտածեցին: Արդյունքում բերքը չհասավ այնտեղ, որտեղ սովորաբար հասնում էր: Ուղիղ կեսը: Մեկ այլ երկրում դա պիտի գնահատվեր ազգային աղետ, գյուղատնտեսության մահացման դատավճիռ:
Իսկ մեզ մոտ, հանձին նախարար Առաքելյանի, ընդամեենը քողարկվում է կեղծիքով ու ապատեղեկատվությամբ:
Եվ ոչ ոք չի պատժվելու այն լայնածավալ հանցագործության համար, որ իրականացվել է հայ գյուղացու և հայկական գյուղատնտեսության նկատմամբ:
shame.am
Այս նյութը դիտել են - 5723 անգամ