Այսօր կայացավ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որտեղ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Այս իրադարձությանը անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն փոքր-ինչ տարօրինակ մեկնաբանություններով:
Այն հարցին, թե Սերժ Սարգսյանից բացի արդյոք կան այլ թեկնածուներ, նա ասել է. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:
Եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա մինչև կուսակցության համագումար որևէ խելացի քայլ կատարել, առաջին գործը պիտի լինի Շարմազանովից ազատվելը:
Գոնե այս պահին ոչ ոք ՀՀԿ-ին ու նախագահին այնպես չի վարկաբեկում, ինչպես այդ մարդը: Նրա պատասխանը շատ ավելի բնորոշ կլիներ որևէ հակառակորդի, քան կուսակցության նվիրյալ անդամի:
Ասել, որ հազիվ թե այլ թեկնածուներ լինեն, նույնն է, թե բացահայտ հայտարարել, որ որևէ այլընտրանք կամ մրցակից ՀՀԿ-ի ներսում լինել չի կարող ու ներկուսակցական դեմոկրատիան վաղուց հողին է հանձնվել:
Հայտարարել, որ երկար ժամանակ կուսակցության առաջնորդը կլինի Սարգսյանը, նույնն է, թե ասել, որ առաջիկայում սպասվող ընտրությունը անիմաստ, ձևական բնույթ է կրելու, որովհետև որոշումն արդեն կայացված է, իսկ մնացածը սոսկ տափակ բեմականացում է հանդիսատեսների համար:
Իսկ նման հայտարարություն անել հատկապես հիմա, երբ ՀՀԿ-ի հեղինակությունը լրջորեն սասանված է ու կուսակցությունը պատրրաստվում է «փրկարարական» գործողությունների դիմել՝ դեմքը պահպանելու համար, թիկունքից հարվածելու պես մի բան է:
Բրուտոսը հաստատ կնախանձեր Շարմազանովին:
Այս նյութը դիտել են - 4448 անգամ