Բաց նամակ ՀՀ վարչապետին.
Մեծարգո պրն. Կարապետյան, նախ սկսեմ նրանից, որ ես մեր երկրի անկախացման, ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած քաղաքացի եմ:
Չլինելով պատահական մարդ քաղաքական դաշտում՝ փայլուն գիտեմ մեր երկրի արատավոր երևույթները:
Հետևելով Ձեր գործունեությանը որպես Երևանի քաղաքապետ՝ Ձեր նշանակումը վարչապետի պաշտոնում հույսեր է արթնացնում: Սակայն, ինչպես շատերի, այնպես էլ ինձ մոտ վստահություն չկա, որ ինչ-որ բան կստացվի:
Թե ինչպիսի անդունդի առջև է մեր երկիրը՝ բոլորս գիտենք, դա այլևս չեն կարողանում ժխտել նույնիսկ բարձրագույն իշխանությունը, ԱԺ-ն, անգամ իշխող կուսակցությունը:
Ես չէի ցանկանա, որ Ձեր ներկայացրած ծրագիրը դառնա գորբաչովյան «պերեստռոյկա»-ի նման գործընթաց, երբ հին, լճացած, հղփացած, կոռումպացված կադրերով փորձում էին փրկել միությունը տնտեսական քայքայումից և փլուզումից:
Հաշվի առեք, որ Դուք պետք է պայքարեք ոչ միայն «մանր գողերի», այլև նրանց դեմ, ովքեր զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և անկախության 25 տարիներին աշխատելով միայն պետական կառավարման համակարգում՝ դարձել են դոլարային միլիոնատերեր. նրանցից շատերը Ձեզ իսկ առաջադրաց կուսակցության «կարկառուն» ներկայացուցիչներ են:
Պետք է պայքարել տնտեսությունը սեփական բիզնես դարձրած օլիգարխների դեմ, որոնցից շատերի հետ Դուք ունեք անձնական շփումներ. արդյո՞ք ցանկանում և կարո՞ղ եք շարժվել սինգապուրյան հայտնի վարչապետ Լի Կուան Յուի սկզբունքներով և սկսեք բարեփոխումները Ձեր շրջապատից: Վերոնշյալ խնդիրները զուգահեռվելով իշխանության հանդեպ անվստահության հետ՝ դարձել են արտագաղթի պատճառ, որի սկիզբը արդեն ավարտին է մոտենում՝ ձևավորելով արտագաղթի նոր ալիք: Ւսկ ու՞մ պետք է ղեկավարել մի երկրում, որտեղ էլ ոչ ոք չկա: Ինչպես աղջիկս ասաց. «Ես չեմ ուզում ունենալ ավելի քիչ վատ վարչապետ, քան նախորդը»:
Կարեն Գրիգորյանի ՖԲ էջից