Երկու տհաճ նորություն Ռադիկ Մարտիրոսյանի համար
2016-10-22 11:20:00
Նոր կառավարության ծրագրում Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսված է, որ երկու տարվա ընթացքում պետական պատվերից անցում է կատարվելու նպատակային և կրթաթոշակային ֆինանսավորման, իսկ բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքը սահմանափակվում է 70 տարեկանով:
«Գիտության ոլորտում՝ 2017 թվականին գիտահետազոտական կազմակերպությունների վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով, 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր», ասվում է ծրագրում:
Եթե ծրագիրն իրականացվի, բուհական ու ակադեմիական հաստատությունները բավական «կերիտասարդանան»: Մյուս կողմից, էական հանգամանք է ֆինանսավորման հիմնական ուղղությունը: Այսինքն, փորձ է արվում գիտությունը մոտեցնել արտադրությանը, տեխնոլոգիական զարգացմանը:
Պաշտպանության նոր նախարարը հայտարարել է «ազգ-բանակ» հայեցակարգի մասին, շատ է խոսվում, բանակը տնտեսության համար բեռից պետք է վերածվի տնտեսության լոկոմոտիվի, ընդ որում ինովացիոն տնտեսության լոկոմոտիվի: Ենթադրվում է նախեւառաջ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, «խելացի սպառազինության» ստեղծումը: Դա ենթադրում է նաեւ գիտության «տեղափոխումը» կիրառական ծրագրեր:
Հիշվում է, Հայաստանում զենքի արտադրության վերաբերյալ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել էր, թե դա «ամեն մի քոսոտ երկրի» բանը չէ: Ահա այդպես «արդարացվել են» հայկական գիտությանը, նրա արժանապատվությանը հասցված անուղղելի վնասները, պարզ անգործությունն ու կոռուպցիան:
Թերեւս, նույն կարծիքի կլինեն նաեւ ակադեմիական շրջանակների շատ ներկայացուցիչներ, որոնց տարիքն անց է 70-ից:
Փաստացի, կառավարության նոր ծրագրում երկու տհաճ լուր կա այս շրջանակների համար: Եթե, իհարկե, ծրագիրը կյանքի կոչվի:
lragir.am 
Այս նյութը դիտել են - 4354 անգամ