Այսօր ԱԺ-ում է, վաղը կարող է բանտում լինել
2016-10-22 23:46:00
Կես տարի է անցել այն օրից, երբ նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին բանտ նետեց: Սենսացիոն բացահայտումներ էին խոստացվում, անուններ պիտի հնչեին, բանտախցերը պիտի լցվեին հանցակիցներով: Արդյունքում ոչինչ էլ չեղավ: 6 ամսվա ընթացքում որևէ ապացույց չներկայացվեց շորթման հետ կապված:
Իսկ հիմա արդեն իսկապես վրա է հասել սենսացիոն բացահայտման պահը, բայց այս անգամ արդեն՝ ընդդեմ պատգամավոր Ուրիխանյանի: Սա, որ կայքի տնօրենին մեղադրում էր այն բանի համար, որ իր գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ, արի ու տես, որ Հովհաննիսյանի հետ նախապես ունեցել է համագործակցության մասին կնքված պայմանագիր:
Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը այդ առթիվ ասում է. «Նույնիսկ պայմանագիրն է հայտնաբերվել: Ըստ համագործակցության՝ Անի Հովհաննիսյանը պետք է լուսաբաներ «Ալյանս» կուսակցության և Տիգրան Ուրիխանյանի գործունեությունը»: Այդ դեպքում ինչպե՞ս տացվեց, որ Ուրիխանյանը համագործակցողից վերածվեց մեղադրողի: Պաշտպանը սրա պատասխանն էլ ունի. «Ինչպես տեսնում ենք, ժամանակի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը շատ բաներից է փոշմանում: Մեկ դիմում է տալիս ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու, մեկ հակառակը՝ ցանկանում է շարունակել պատգամավորական գործունեությունը: Տվյալ անձը նման բնավորություն ունի համենայնդեպս»:
Արդեն կարելի է չկասկածել, որ մի գեղեցիկ օր «Անալիտիկ» կայքի տնօրենը կհայտնվի ազատության մեջ: Իսկ որտե՞ղ կհայտնվի Տիգրան Ուրիխանյանը: Նրա ապագան կանխագուշակելն այնքան էլ հեշտ չէ: Մարդը, ով մեկ օրվա մեջ մի քանի կարծիք ու գույն է փոխում, աշխարհագրական դիրքի հարցում էլ կարող է տարափոփոխ լինել: Այսօր ԱԺ-ում է, վաղը կարող է բանտում լինել:shame.am
Այս նյութը դիտել են - 6481 անգամ