Անանուն մի նամակ. «Ուշացա'ծ իմ սեր»
2016-10-23 01:17:00
Գեղեցիկ է նա, անունն էլ իր նման սիրուն, բայց խնդրեց ինձ այս նամակը հրապարակելիս իր անունը չգրել: Միշտ էլ նկատել եմ, որ ավագ դասարաններում դպրոցականների մոտ առկա են հոգեկան ահանգիստ հույզերը, առաջին սիրո ապրումները, որոնք կարիք ունեն կիսելու մեկի հետ, և որքա~ն գեղեցիկ է դառնում այդ հարաբերությունը, երբ դեռահասն իր սիրո ապրումներով անկեղծանում է նաև իրեն դասավանդող ուսուցչուհու հետ: 
Նա կարդաց իր գրած շարադրանքը, հետո ինձ հանձնեց այն: Ժամեր շարունակ հոգու անհանգիստ տվայտանքների մեջ է եղել, վերջապես համարձակություն է ունեցել` խոստովանելու իր անկեղծ սիրո մասին: Այնտեղ կորցրած սեր կար, հուզումնառատ խոսքեր, հիասթափություն, անցած օրերի մի ցավոտ հիշողություն: Եվ նա ցույց է տալիս ինձ մի լուսանկար` դեմքով ոչ տեսանելի մի զինվոր` ալ վարդերի մի հրաշագեղ փունջ ձեռքին, որ նվիրել էր այս սիրուն աղջկան, բորբոքել մի նոր սեր ու մի նոր կարոտ: Թերթում եմ տողերը նրա, մտածումներիս մեջ իմ առջև նստած աշակերտուհին է, որ չցանկացավ իր մասին իմանան, բայց համաձայնվեց տեսանելի դարձնել իր անհանգիստ խոհերը մի անցած, բայց չմոռացված սիրո մասին:
«Ուշացա՛ծ իմ սեր, կարոտում եմ քեզ: Չեմ ուզում խոսել, նաև դժվար է, բայց փորձում եմ… Իմ կյանքում շատ խոստովանություններ ունեցա, ուշացած պահեր: Ցավում է սիրտս, քանզի ես վախենում եմ «ուշացած» բառից: Եկավ մի պահ, երբ ցանկություն ունեցա խոստովանել, բայց դժվար էր, լռեցի….Ուշացած զղջում….Պահեր ունեցա իմ կյանքում, որոնցից չօգտվեցի…Ուշացած ափսոսանք: Արթնացա այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն ինձանից առաջ էր ընկել…Ուշացած հիասթափություն…Վազեցի կանգառ այն ժամանակ, երբ գնացքը վաղուց գնացել էր…Աստվա՛ծ իմ, ինչու՞ եմ ես միշտ ուշացել:
Խավար է ու մութ, ես կրկին մենակ եմ ու նորից քեզ հետ: Էջերն եմ թերթում այն հին գրքերի, որոնք բազմիցս վերընթերցել եմ: Եվ փորձում եմ փոքր-ինչ շնչել օդն այն օրերի, որ երբեք չեն կրկնվի: Ների՛ր, որ երբ եկավ ամենակարևոր պահը, համրացա, ու վախը հաղթեց թե՛ ինձ և թե՛ իմ մեջ ապրող մարդուն: Ինչքա~ն ուշացած խոստովանություններ կան իմ մեջ, ինչքա~ն աններելի ուշացումներ: Իմ ուշացած խոստովոնությունը հենց լռությունս էր, ասում են` այնտեղ կեղծիք չկա, բայց նա էլ չէր անկեղծ: Ների՛ր, իմ խոստովանությու՛ն, մենք միասին ենք ուշացել: Իմ երեկն էլ փոխարինեցի այսօրով ու հետո հասկացա, որ ինձ մոտ ուշացած է ամեն ինչ...Ուշացած են բառերը, որ պիտի ասեի, հանդիպումը, որ չկայացավ, սերը, որ առայսօր չի մարել»:
Այդտեղ նաև չափածո տողեր կային, մի նոր սպասում, որ ինքն էր պահի տակ շարադրել.
Երեկ ասել էիր, որ պիտի գայիր նորից ինձ մոտ,
Երեկն էլ անցավ, իսկ դու չկայիր... հիմա ես եկել...
Թե՛ կուզես մնա, թե ՝ո՛չ, հեռացի՛ր, բայց այնքան հեռու,
Որ չզգամ անգամ կիսաքաղցր ու կիսատ ներկայությունդ:
Թե կուզես զղջա՛ կամ թե արտասվի՛ր
Չստացված կյանքիդ, կորստիդ համար:
Այցելի՛ր, ծնկի՛ր շիրիմի կողքին հերոս տղերքի,
Նրանց բողոքի՛ր, մեկ է, անցյալից ոչինչ հետ չի գա,
Ինչքան էլ տանջվես, տառապես կրկին,
Մեկ է, անցյալի մեր լավ հուշերը, մեր լավ օրերը,
Մեր ժպիտները կմնան այնտեղ:
Իմ աշակերտուհու ձեռագիր տողերի տպագիր շարվածքն եմ նորից ընթերցում, մտքերով նրա անցած օրերի հետ եմ... Այդ օրը` մեկ տարի առաջ, երբ մտա դասարան, նա շատ հուզված էր, արտասվախառն աչքերով: Մի վերնագիր ասացի` «Ես հոգու խաղաղություն եմ ուզում», որ շարադրի իր հույզերը, գուցե թեթևանա... Երբ ինձ հանձնեց գրածը, այնտեղ տեսա մի նոր ծլարձակող սեր, որտեղ աղջկական հուզումնալից ապրումներ կային ու զինվոր տղայի անկեղծ խոստովանություն. «Հին ժամանակներում ծովահենները կռվել են ու արյուն թափել գանձերի համար, իսկ ես առանց կռվելու և առանց արյուն թափելու` գտել եմ իմ գանձին»:
Որքա~ն եմ ափսոսում այս կորցրածի համար, և ես էլ ուզում եմ, որ այդ ուշացած սերը նորից գա, գուցե և կրկին, բայց նորից այցելի նրան ու գտնի իր գանձին:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, 
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
 
Այս նյութը դիտել են - 9539 անգամ