Դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը շարունակում է նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում եւ հեռուստադիտողներին խոստանում է, որ հումորային սերիալի երրորդ եթերաշրջանը լի է լինելու անակնկալներով. «Ունենք նոր հերոսներ, իսկ իմ կերպարը հետաքրքիր զարգացումներ է ապրել. նա կարողացել է իր ամուսնուն փոխել, վերջինիս դարձնել բարի եւ կամեցող»,
-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց Աննան:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նկարահանվել է նոր ֆիլմում, այն կոչվում է «Լորիկ» (արկածային, ֆանտաստիկ տրագիկոմեդիա, սցենարիստ եւ գլխավոր դերակատար` Միքայել Պողոսյան). «Թեեւ կերպարս գլխավորներից չէ, սակայն նա թե՛ իր արտաքինով, թե՛ խառնվածքով բավական աչքի ընկնող, գունագեղ, ակտիվ մեկն է, որը փորձում է ընկերուհուն օգնել` դառնալ ավելի համարձակ ու ինքնավստահ:
Իրական կյանքում էլ ես գունագեղ կերպար եմ, բայց իմ մարդ տեսակի մեջ հակասությունները շատ են. մեկ կարող եմ թվալ ակտիվ ու ուրախ, մեկ ճիշտ հակառակը: Կոնտրաստային տարբերություն է նկատվում նաեւ այն երկու աշխատանքների միջեւ, որոնք կատարում եմ. ռադիոյում իրականացրած գործունեությունս շատ է տարբերվում սիթքոմային կյանքից»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նա նշեց, որ իր ստեղծագործական կյանքում եկել է այն փուլը, երբ ինքը կարող է դրսեւորվել թատրոնում. «Կամերային թատրոնում աշխատելու շատ մեծ ցանկություն ունեմ, բազմիցս պատկերացրել եմ ինձ այնտեղ: Ուզում եմ, որ գա այն պահը, երբ ուժերս կկենտրոնացնեմ թատերական աշխարհի վրա»,-անկեղծացավ Աննան:
Քանի որ մեր զրուցակիցը բավական բազմազբաղ անձնավորություն է, հետաքրքրվեցինք` արդյոք նա մտավախություն չունի, որ հետագայում կարող է խնդիրներ ունենալ անձնական կյանքում. «Կուզենամ, որ իմ տղամարդը թեւեր տա, հասկանա ինձ: Քաջ գիտակցում եմ, որ կնոջ կյանքը ամուսնությունից առաջ եւ հետո չի կարող նույնը լինել: Բայց ուզում եմ հանգամանքների բերումով գալ այդ եզրահանգմանը, ոչ ստիպողաբար:
Բացի այդ` կարծում եմ` կնոջ կարիերային առնչվող հարցերի դեպքում հայ տղամարդկանց շրջանում իշխող կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրվել են: Ամեն դեպքում, տղամարդը պետք է կայացած ու ինքնավստահ լինի, որ վստահի դերասանուհի զուգընկերուհուն»,-պատասխանեց նա:
Իսկ հարցին, թե ինչով կարող է տղամարդը զարմացնել անձնական կյանքում փորձառություն ունեցած կնոջը (դերասանուհին դեռ վաղ տարիքում հասցրել է ամուսնալուծվել), Աննան պատասխանեց. «Ուղղակի սիրելով: Ես չեմ կենտրոնանում կոնկրետ որակների վրա եւ գիտեմ, որ կգա ժամանակը, երբ ամեն բան իր տեղը կընկնի»:
Աննա Բաբաջանյան
armlur.am