Մի քանի ամիս է Ադրբեջանում լուրջ մտահոգված են. ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն Ալիեւի նկատմամբ կոշտ վերաբերմունք էին ցույց տալիս, սպառնում պատժամիջոցներով եւ նույնիսկ հատուկ օրենքի ընդունմամբ: Նրանք պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին՝ դրա դիմաց Ալիեւին, հավանաբար, փոխզիջումենր առաջարկելով: Դժվար է ասել, թե ինչի հետ են կապված դրանք, սակայն հազիվ թե խողովակաշարերի, ինչպես նախկինում:
Ադրբեջանը նավթի գների նվազման պատճառով բարդ վիճակում է հայտնվել: Կտրուկ նվազել են պետբյուջեի եկամուտները, ադրբեջանական մանաթն աշխարհում ամենից արժեզրկված արժույթն է, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը դուրս է մնացել տարածաշրջանային քաղաքականությունից: Նավթ ու գազ մատակարարողի նախկին դերն այլեւս չկա, իսկ նոր դերը չի որոշվել: Ավելին, պարզ չէ տարածաշրջանի ապագա դասավորությունն աշխարհաքաղաքական համակարգում:
Ադրբեջանը ռուս-թուրքական գործարքի ծնունդն է, իսկ տարածքային առումով՝ եվրասիական տարածության մաս: Ադրբեջանին Եվրասիական միությունում ներգրավելու Ռուսաստանի ձգտումը շատ ավելի բնական է, քան Հայաստանին դրանում ներքաշելը: Սակայն Ադրբեջանը հավանաբար Ռուսաստանից չափից շատ բան է պահանջել:
Ռուս-թուրքական հակամարտությունն Ադրբեջանի համար իսկական փորձություն, նաեւ ընտրություն կատարելու լավ հնարավորություն է դարձել. հօգուտ Թուրքիայի, հետեւաբար ոչ Ռուսաստանի: Ալիեւն ընտրություն արե՞լ է եւ ի՞նչ է արժեցել այդ ընտրությունը: Ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ն ղարաբաղյան կարգավորման գործում:
Բաց ռեժիմում խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը կայունություն է ցանկանում տարածաշրջանում, սադրանքների դադարեցում եւ նույնիսկ հետաքննությունների մեխանիզմների տեղադրում շփման գծում:
Գլխավոր հարցն այն է, թե ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում օգտվել տարածաշրջանում խաղաղությունից, ինչի համար են պետք կայունությունն ու ստատուս-քվոն: ԱՄՆ-ը մտադի՞ր է բացել հաղորդակցությունները եւ տարածաշրջանն ընդգրկել անվտանգության միջազգային համակարգում: Արդյոք գլխավոր նպատակը տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելն է:
Չի բացառվում, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դիրքերը Հարավային Կովկասում կամրապնդվեն: Վրաստանը պարբերաբար հաստատում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումը, շուտով Վրաստանում ֆրանսիական ՀՕՊ համակարգեր կհայտնվեն: Եթե Ադրբեջանը նույնպես միջազգային անվտանգության համակարգի մաս դառնա, ապա Հայաստանը ռուսական կղզյակ կմնա՝ մշտական նշանառության տակ:
Այդ տեսանկյունից, Հայաստանը պետք է գնահատի միջազգային անվտանգության համակարգում Ադրբեջանի ընդգրկվելու հավանականությունը: Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հզոր զսպող գործոն է, Ադրբեջանի ընդգրկումն այդ համակարգում նույնպես կարող է զսպող դեր ունենալ:
Այդ ֆոնին, Ռուսաստանը հայտարարում է Հայաստանում իր ռազմաբազան ամրապնդելու մտադրության մասին: