«Վտանգի» ու «անվտանգության» մեր ընկալումը....
2015-12-01 23:59:00

Նախորդ շաբաթ աշխարհում իրավիճակը բավական խառն էր: Մի կողմից՝ ռուսական ՍՈՒ-24-ի խոցման շուրջ կտրուկ լարումը, մյուս կողմից՝ դրա շուրջ գլոբալ արձագանքերը, որ եկան ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից մի տեսակ գլոբալ մեծ լարվածության ֆոն ստեղծեցին. «պատերազմի հոտ է գալիս»:

Զուգահեռ այս ամենին, մի փոքրիկ, լեռնային ու «ամենակարևորը» հպարտ երկրում տեղի ունցան ոչ պակաս կարևոր իրադարձություններ. խոսքը, մասնավորապես, Նորք-Մարաշում մինչև ատամները զինված հանցավոր խմբի՝ ԱԱԾ-ի ու ոստիկական ուժերի կողմից վնասազերծման մասին էր: Այս խառը ժամանակներում, երբ «տեռորիզմը ծեծում է բոլոր երկրների դռները», երբ պատերազմ սկսելու հավանականությունը բավական մեծ է, (առավել ևս, եթե դու «պասիվ» պատերազմի մեջ ես արդեն) նման կանխարգելիչ գործողությունը, որը հետագայում ՀՀ ԱԱԾ Քնչական վարչության պետի տեղակալի կողմից բնորոշվեց՝ որպես «պետական իշխանության և կոնկրետ գործիչների դեմ ուղղված քայլեր», անկասկած մեծ հաջողություն էր: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն իրեն այս պարագայում պրոֆեսիոնալ է դրսևորել:

Նման կարևոր ու վտանգավոր իրադարձությունների ֆոնի ներքո, սակայն հայ հասարակության վիրտուալ ու նաև ոչ վիրտուալ որոշ հատվածների արձագանքը մի տեսակ ադեկվատ չէր: Ադեկվատ, այն իմաստով, որ նրանց վերաբերմունքը որևէ կապ չուներ «վտանգ-անվտանգության դիխոտոմիայի» ռացիոնալ գնահատման հետ : Մարդիկ հեգնում, ծիծաղում, ձեռք էին առնում պետության ու հասարակության դեմ ուղղված գործողությունները, համարում դրանք շոու: Կասե՞ք, դա նրանց «ազատ խոսքի իրավու՞նքն» է, միգուցե....
Պակաս պաթոսով, սակայն արդեն նաև մասնագիտական ռացիոնալիզմից շատ հեռու դիտարկումներ հնչեցվեցին ռուս-թուրքականի մասով: Ավելին՝ կոնկրետ առաջարկներ էին ներկայացվում, թե, պետք է վերախմբագրել պատմական որոշ փաստաթղթեր, պահանջներ ներկայացնել «ռազմավարական դաշնակցի» դեմ դուրս եկած Թուրքիային, այս ամենի միջոցով մեր պատմական խնդիրները լուծել, պատերազմ հայտարարել Թուրքիային: Կասեք ծիծաղելի՞ է. ամենևի՛ն: Հասարակության մեջ կան շատ մարդիկ, որ խորապես կարծում են, թե այս ամենը պետք է արվի, առանց սթափ գնահատելու նման մոտեցումների հետևանքերը:

«Աբսուրդը» տարբեր դրսևորումնե՞ր է ունենում. իհարկե, սակայն երբ այն հատում է «վտանգ-անվտանգության» սահմանը, այն վերածվում է հանցավոր անսթափության:

Մի կողմից՝ պաթոսի առկայության, մյուս կողմից՝ ռացիոնալության իսպառ բացակայության պայմաններում տաքսու վարորդից մինչև «վերլուծաբան-փորձագետ» անպատասխանատու հայտարարություններ ու դատողություններ են իրենց թույլ տալիս, որոնք ուղղակիորեն վտանգում են պետության, քաղաքացու ու հենց իրենց անվտանգությունը: Այս պարագայում, իհարկե, մեծ դերակատարում ունեն որոշ «ցանցային» կոչվող լրատվամիջոցներ, ովքեր տարածելով կեղծ/վերախմբագրած ինֆորմացիա, թե ասենք՝ «....ռուսները զորք են մտցրել Հայաստան...», կամ թե «...ՀՀ-ում ահաբեկչություն է նախապատրաստվել....», կամ թե «...քաղաքում երեխաներ են առևանգում...» պանիկայի ու լարվածության մթնոլորտ են ստեղծում: Սա, արդեն բավական լուրջ է, և եթե կարիք կա, ապա, կարծում եմ, համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում օրենսդրական վերահսկողությունը պետք է խստացվի:

Մեծ հաշվով խոսքի ազատությունը մեզանում հասկացվել է ու ընկալվել է ամենասխալ կերպ, քանի մենք օր-օրի վրա զգում ենք, թե ինչպես ամեն քաղաքացու, անհատի արտաբերած դատողությունը կարող է հանրային տարբեր շրջանակների համար դառնալ կողմնորշիչ ու նաև վտանգավոր: «Խոսքի ազատությունը» առաջին հերթին արտահայտվածի նկատմամբ պատասխանատվության առկայությունն է: Հակառակ վիճակը վտանգավոր է ոչ միայն սպառնալիքի տեսանկյունից, այն նաև առկա սպառնալիքին անլուրջ մոտենալու առումով: Իսկ սա արդեն պետության անվտանգության խնդիր է:

Այս նյութը դիտել են - 1742 անգամ