Հայաստանը ռուսական բազայի վերածելու գործընթացը մոտենում է ավարտին...
2016-01-07 00:05:00
 Հայաստանը ռուսական բազայի վերածելու գործընթացը մոտենում է ավարտին

 Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությաւնը, տեղեկացնում են, որ Էրեբունիի ռուսական ավիացիոն բազան 2016 թվականի երկրորդ կեսին կհամալրվի ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:

 Աղբյուրները պնդում են, որ այդ ինքնաթիռների մեծ մասը վաղուց բարոյապես ու տեխնիկապես մաշվել են եւ հիմա դրանք վերանորոգում են: Ինքնաթիռների մի մասը միջուկային զենք կրելու հնարավորություն ունի, իսկ մյուս մասը, հատկապես արտահանման համար արտադրվածները, ոչ մի հնարավորություն չունեն: Հաղորդագրությունում նշված չէ, թե որ ինքնաթիռներն են Հայաստան բերվելու: Նշված է միայն, որ դրանք պաշտպանելու են «ԱՊՀ սահմանները»:

 Դեկտեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը: Ըստ դրա, Ռուսաստանը մտադիր է իր տեղը զբաղեցնել «բազմակենտրոն դարձող» աշխարհում: Այսինքն, Մոսկվան ընդունում է, որ աշխարհը միաբեւեռ է, եւ այդ միակ բեւեռը Ռուսաստանը չէ:

 Միեւնույն ժամանակ, Մոսկվան սպառնալիք է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արեւելք եւ եվրասիական տարածությունում ինտեգրացիային խոչընդոտելու «որոշ երկրների» փորձերը: Այլ կերպ ասած, Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է բեւեռ դառնալ ու ինտեգրել «իր» տարածաշրջանը:

 Փաստացի, Հայաստանում ռուսական բազա բերվող ինքնաթիռները դիմադրելու են «եվրասիական ինտեգրացիային խանգարելու փորձերին» ու օգնելու են Ռուսաստանին ամրապնդվել տարածաշրջանում: Այդ ինքնաթիռները խոչընդոտելու են Հայաստանում անվտանգության այլ երաշխիքների հայտնվելուն, որոնք կարող է առաջարկել գլխավոր «բեւեռը», այսինքն՝ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն:

 Ամբողջ հարցն այն է, թե որքան երկար է «գլխավոր բեւեռը» շարունակելու առաջարկել: Անցյալ տարվա հուլիսին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է Պետդեպի ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանք խոսել են ռազմական համագործակցության ինչ որ նոր ծրագրերի մասին:

Մինչ Տոնոյանը Վաշինգտոնում էր, անսպասելի Երեւան էր ժամանել Ռուսաստանի ԳՌՈՒ-ի պետ Իգոր Սերգունը: Նրա այցից ու Տոնոյանի վերադարձից հետո պաշտպանության ոլորտում Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության մասին չի խոսվել:

 Երկու օր առաջ հայտնի դարձավ Սերգունի մահվան մասին, սակայն Ռուսաստանը հազիվ թե մտադիր է փոխել քաղաքականությունը Հայաստանում: Այն ինքնաթիռներ է ուղարկում, որոնք պետք է պաշտպանեն ոչ թե Հայաստանի, այլ տխրահռչակ ԱՊՀ-ի սահմանները, որի կազմում է նաեւ Ադրբեջանը:

 Հայաստանը վերջնականապես ռուսական բազայի է վերածվում, իսկ Հայաստանի ղեկավարությանը նույնիսկ չեն հարցնում, թե ինչ զենք է բերվում Հայաստանում եւ ինչպես կարող է այն ազդել երկրի պաշտպանունակության վրա: Հարցնում են Վրաստանին ու Իրանին, որոնց տարածքով այդ զենքը տեղ է հասցվելու:


lragir.am

Այս նյութը դիտել են - 1541 անգամ