Կրկին համոզվեցի, որ ես շրջապատի համար վտանգավոր մարդ եմ դառնում...
2016-10-25 14:56:00
Այսօր կրկին համոզվեցի, որ ես շրջապատի համար վտանգավոր մարդ եմ դառնում:
Նստեցի «մարշրուտկա« ու զոնտիկս կրակեց:
Շըրը՛խկ...Աղմուկով այնպես բացվեց, որ «մարշրուտկայի» ժողովուրդը սարսափահար վեր թռավ: Պատկերացնո՞ւմ եք, «մարշրուտկայի» մեջ բացված զոնտիկ, որի սուր ծայրերը սրա ու նրա քթի, ականջի ու հետույքի վրա են մեխվել...
Ու չի փակվում զոնտիկս...Վարորդը քիչ էր մնում «ավարյա» տար...Ինչ անում-չեմ անում՝ չի փակվում ու չի փակվում:
Այնինչ, խեղճ վարորդը մինչ այդ նյարդայնացած բացատրում էր ուղևորներից մեկին, թե ինչու են այդ երթուղու «մարշրուտկաները» ուշ-ուշ գալիս:
- Ա՛յ քուր ջան, վարորդ չկա, ոչ մեկն էլ չի ուզում քշի, սաղ մեր վրայա, բենզինը, գազը, մեջն էլ փող չկա, ո՞վ կուզի քշի,- բողոքում էր վարորդը:
Ու մեկ էլ իմ զոնտիկը կրակե՛ց:
Մի քանի տղամարդիկ վրա պրծան ու սկսեցին սատկացնել իմ զոնտիկին, բայց ոչ մի օգուտ: Ես հավաքեցի իմ ողջ ուժերը, զոնտիկիս հետ լեզու գտա, համոզեցի ու մի կերպ փակեցի:
Բոլորը խոր շունչ քաշեցին, բայց չանցած մի քանի վայրկյան էլի՝ շըրը՛խ...բացվեց՝ «ապտակելով» «մարշրուտկայի» դռան ապակուն:
- Ա՛յ, կնիկ ջան, հո դու շա՞ռ չես...ըստե կայնեմ, իջի,-առաջարկեց վարորդը:
- Չէ, ախր, դեռ 5 կանգառ ունեմ, որ տեղ հասնեմ,-պատասխանեցի ես:
Ժողովուրդը նայեց ինձ որպես սատանայի ու խաչակնքեց:
Ես սկսեցի խորը բանակցությունների մեջ մտնել զոնտիկիս հետ ու հասա փոխզիջման, կիսով չափ փակվեց, իսկ երկար պոչը ցցված մնաց՝ հասնելով մինչեւ «մաշրուտկայի» պատալոկին:
Ինքս ինձ համոզեցի, որ պետք է հաղթահարեմ այս մարտահրավերը, այդ ցիցը հպարտ բռնած, իսկ զոնտիկիս գլխամասը պինդ բռանս մեջ պահած՝ հերոսաբար մնացի տեղում: Խեղճ վարորդը րոպեն մեկ անգամ պտտվում էր, որ տեսներ, թե իմ «սառը զենքը» ի՞նչ վիճակում է, հո նորից չի՞ կրակելու...
Վերջը հասա տեղ ու բոլորը ուրախացած դուռը բացեցին ու ինձ դուրս նետեցին:

Կիմա Եղիզարյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 3914 անգամ