Այն ուսումնական հաստատությունը, որ ղեկավարում է Ռուբեն Միրզախանյանը, արդեն շատ վաղուց դադարել է սոսկ բուհ լինելուց: Այստեղ տիրող բարքերի ու մթնոլորտի մասին լեգենդներ են պատմում, մարդիկ ամեն անգամ անթաքույց հիացմունքով են դիտում, թե ինչպես է Միրզախանյանը նոր բաներ ներմուծում՝ մանկավարժական համալսարանը վերածելով հակամանկավարժական կողմնորոշմամբ օջախի:
Ռեկտորի օրինակից վարակված են նաև նրա շրջապատի մարդիկ, որոնք ջանում են ոչ մի բանով ետ չմնալ սիրելի ուսուցչից: Բայց ամենանախանձախնդիրներն ազգականներ են, մասնավորապես` ռեկտորի աներձագի պրոռեկտոր Արա Երեմյանը Այս անձնավորությունը բավականին խրթին անցյալ է ունեցել: Ասում են, որ ժամանակին կաշառակերության մեղադրանքով նրան վտարել են դատախազության համակարգից, սակայն Միրզախանյանն այդ թանկագին, սակայն չգնահատված կադրին անգործ չի թողել, և Երեմյանը նախորդ ուսումնական տարուց նշանակվել է բանասիրական ֆակուլտետում ավարտական որակավորման պետական քննությունների ներկայացուցիչ:
Սա ամենաեկամտաբեր գործերից մեկն է համարվում: Ավելի հեշտ ի՞նչ կա, քան միջնորդել այս կամ այն ուսանողի համար ու դրա դիմաց մի կլորիկ գումար գրպանել: Իսկ միջնորդելու թեմա և առիթ միշտ էլ լինում է, առավել ևս, որ մանկավարժականում սովորում են բազմաթիվ ազդեցիկ պաշտոնյաների երեխաներ ու բարեկամներ: Եթե նույնիսկ գումար վերցնելու կարիք չի լինում, ապա կարելի է նրանցից ծառայության դիմաց ծառայություն պահանջել: Սա արդեն Միրզախանյանի ոգով է, այն նույն Միրզախանյանի, որ կարող է ծածուկ գործարքներ գլուխ բերել, իսկ հետո հանգիստ խղճով ներկայանալ ռեկտորատի նիստերին ու այնտեղ ճառ արտասանել առ այն, թե իր ողջ գիտակցական կյանքում անխնա պայքար է մղելու հովանավորչության ու կաշառակերության դեմ: