Ում են փնտրում իրավապահները, և ովքեր են մեղադրվում ՊՊԾ գնդի տարածքում ոստիկաններին սպանելու մեջ. «Ժողովուրդ»
2016-10-26 00:44:00

«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է.

«Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի բացահայտվել է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետեւանքով ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, թե ովքեր են եղել սպանողները: Բայց վերհիշելով մինչ այս եղած հրապարակումները՝ դժվար չէ կռահել, թե ինչ է թաքցնում ՀՔԾ:

Հիշեցնենք, որ գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր, երբ հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված մուտք էին գործել ՊՊԾ գունդ, տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում մահացավ Արթուր Վանոյանը, վիրավորվեց ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, որը դեպքից շուրջ մեկ ամիս անց մահացավ:

Իսկ, ահա, ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը, ըստ նախնական տվյալների, սպանվեց ոստիկանության գնդի տարածքից արձակված կրակոցի հետեւանքով: Այս իրողությունները համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ ոստիկանների մահվան ողջ պատասխանատվությունը բարդվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գլխներին: Թե կոնկրետ ում, հուսանք ՀՔԾ-ն երկար գաղտնի չի պահի:

Ինչեւէ, բացի սպանության բացահայտումից` ՀՔԾ պաշտոնական հաղորդագրությունում անդրադարձել էր այս գործով հետախուզվողներին…. Նրանց թվում էր եղել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը:

Իհարկե, Ժիրայր Սէֆիլյանին 2016 թվականի հունիսին կալանավորեցին մի խումբ երիտասարդների հետ ապօրինի զենք փոխադրելու գործով: Նշենք, որ այս առիթով էլ 9 անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է..»: 

armlur.am

Այս նյութը դիտել են - 4978 անգամ