Անշունչ տառերի տեսքով շարադրեցի հոգիս...2016-10-26 12:03:00
«Երկար մտորելուց հետո միայն ձեռքս մեկնեցի թղթին, որ անշունչ տառերի տեսքով շարադրեմ հոգիս, իմ ասելիքը հանձնեմ անծայրությանը, որ կուտակվելով` արդեն սպառնում է դուրս հորդել հրաբխի նման»,-հիացմունք պատճառող այս տողերը մի քանի անգամ կարդացի: Զգացի, որ սրտի անկեղծ խոսք կա այստեղ, առավել ևս, երբ 12-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհի Լադա Արզումանյանն ասաց, որ ցանկալի է իր անունն էլ գրվի, նույնիսկ նա իր նկարն էլ ուղարկեց ինձ` տեղադրելու հրապարակվելիք այս հոդվածում, որտեղ մի չուղարկված նամակ կա, մի մտացածին սեր:
«Բարև իմ ցնո՛րք, իմ անուրջների իրակա՛ն պատկեր, իմ միայնությա՛ն տիրակալ, իմ մտացածի՛ն սեր: Գուցե գժվե՞լ եմ, գուցե պատկերդ լոկ ե՞ս եմ կերտել, գուցե թևավոր մտքիս ցնո՞րքն ես եղել: Գիտե՞ս, անուրջներից եմ հյուսել մեր հեքիաթը, որտեղ դու այն ծիածանն ես, որ հայտնվում է իմ կյանքի ամեն մի անձրևից հետո: Բայց ո՞վ ես, որտեղի՞ց հայտնվեցիր իմ սավառնող երևակայության մեջ: Մտքիս թռիչքով կերպարդ կերտելով` զգում եմ, որ երբեմն սիրտս սովորականից արագ է բաբախում, որ հոգուս հանդարտ ծովի ալյակները փրփրադեզ ալիքներ են դառնում, իսկ սրտումս մի նոր հուզում է մոլեգնում: Կարծես սիրտս քնից արթնանում ու սկսում է ապրել վառ գարունքով: Կարծես աչքերիդ համար են աչքերս բացվում: Ես ուզում եմ քեզ հետ լողալ սիրո ծովում, քեզ հետ ճախրել իմ անուրջներում:
Աշնանային ցուրտ օրերի հետ դու ավելի ու ավելի իրական ես դառնում: Ամեն անգամ աշնանային մշուշի միջից տեսնում եմ քեզ, եվ դու ինձ շշնջում ես լոկ երեք բառ. «Ես սիրում եմ քեզ»: Ինչքա~ն սեր, ինչքա~ն երջանկություն և հույզեր են լինում այդ պահին: Սակայն երբ փորձում եմ քեզ դիպչել, դու անհետանում ես: Անքա~ն շատ մտքեր ունեմ, որ պետք է քեզ ասեմ և բոլորի հերթականությունն եմ փորձում ապահովել: Գուցե գրածս տողերը ոչինչ են, բայց ուզում եմ դու էլ մի օր ցնորվես ու քո ցնորքի մեջ մի օր էլ դու ինձ գտնես: Գիտե՞ս, հաճախ մենք միայնակ ենք լինում, բայց շարունակում ենք մտքերով միասին ապրել: Հնարավոր է` դրսում անձրև է, բայց կարևորը մեր հոգին է, որ երբեք այն թաց չի լինում»:
Դասարանում առաջին նստարանին նստող իմ աշակերտուհու հետ եմ մտքերով, մի հեզիկ ու շատ բարի կերպար, որ իր այս շարադրանքը վերնագրել էր «Չուղարկված նամակ»: Նրա մեղմիվ ժպիտն էլ տողեր է հյուսում, այդ տողերի հետքերով գնում եմ, իմ անուրջներում տեսնում եմ մի պատանի, նա ընթերցում է այդ տողերը, ու իմ մտորումներում այս սիրուն աղջկա շարադրանքը դառնում է ուղարկված նամակ, որտեղ անշունչ տառերի տեսքով շարադրված հոգի կա, իսկ նրա տողերում` մի իրական անբիծ ու մաքուր սեր:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 4685 անգամ