Ինչու՞ է լռում ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը...
2016-01-07 01:42:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿԱԽՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆՈՒՄ...
«Արմավիր»  քրեակատարողական հիմնարկում երկու օրվա մեջ արձանագրվել է երկու ինքնասպանություն: 
Դատապարտյալները կախվելու միջոցով վերջ են տվել իրենց կյանքին:
Թե որն եղել ինքնասպանությունների պատճառը, ըստ էության, կպարզվի նախաքննությամբ, եթե պարզվի, սակայն ինձ այլ հարց է մտահոգում:
Տարիներ շարունակ ոլորտի պատասխանատուները հնարավոր բոլոր առիթների դեպքում ազդարարում են քրեակատարողական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների և դրանց դրական արդյունքների մասին, որոնց արդյունքում իբրև թե պետք է բարելավվի ու ապահովվի դատապարտյալների իրավունքները, նրանց կոմունալ և կենցաղային պայմանները:
«Շենքերի հայրենասիրության» տրամաբանությամբ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների լոկ բարելավմամբ ակնկալել, որ քրեակատարողական համակարգում փոփոխվելու է տիրող մտայնությունն ու արմատացած հոգեբանությունը, սովորական ինքնախաբեություն է:
Թեև բազմաթիվ են օրինակները, սակայն մեկն էլ բավարար է` հասկանալու համար, թե ինչպիսի կարծրացած դոգմաների հետ գործ ունենք:
Մեկ տարուց ավելի է, ինչ ահազանգում եմ հնարավոր բոլոր իրավասու մարմիններին, որ իմ պաշտպանյալը մահամերձ է, տառապում է ծանր ու անբուժելի հիվանդությամբ, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս կրել նշանակված պատիժը, քանի որ վերջինիս հիվանդության բնույթը, ծանրության աստիճանը, հնարավոր բարդության հետևանքները կարող են սպառնալ նրա կյանքին, ուստի անհրաժեշտ է ազատել նրան պատժի հետագա կրումից:
Ո՛չ մի կոնկրետ քայլ: Շաբլոնային պատասխան և վերջ: Փակ են օրինականություն տանող բոլոր ճանապարհները:
Միայն այն հանգամանքը, որ անձը կատարել է ծանր հանցագործություն, բավարար է, որ իրավասու կառույցների կողմից նրա նկատմամբ ունեցած ընկալումն ու դրսևորումն էլ ծանր լինի, որը ոչ մի աղերս չունի օրինականության կամ օրենքի կիրառման հետ:
Այս համակարգում իշխում է տարիներով արմատացած այն հոգեբանությունը, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում ոչ թե պետք է ուղղվի, այլ բառիս բուն իմաստով անցնի ամենօրյա տառապանքների միջոցով:
Վստա՛հ եղեք, այս անելանելիությունն ու անզորությունն էլ մարդկանց մոտ ծնում են հուսահատություն և ապրելու իմաստազրկում և վերջապես` հասցնում են ինքնասպանության:
Քրեակատարողական համակարգում նախևառաջ պետք է փոխվի տիրող հոգեբանությունը և դատապարտյալների նկատմամբ իշխող մտայնությունը:
Հակառակ դեպքում մենք բավարարվելու ենք սոսկ մահվան ելքերի վիճակագրական հաշվառմամբ:
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1605 անգամ