Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է
2016-10-26 18:40:00

Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի «արքայական ֆազենդան»՝ ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնը, որի մասին գրում ու խոսում էին տարիներ շարունակ, այսօր հասավ իր եզրագծին:

Ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ այն կլուծարվի: «Մենք ունենք խնդիր, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ:

Դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք արդյունավետ չեն աշխատում պետության հետ»,- բացատրել է Արամյանը՝ միաժամանակ ծանր մի խաչ քաշելով Գագիկ Խաչատրյանի հեղինակության վրա և հատուկ նշելով, թե յուրաքանչյուր գումար կարելի է խելամիտ ծախսել:


Եվ քանի որ նախկին նախարարը ոչ միայն խելամիտ չի գտնվել, այլև փոշիացրել է միլիոնավոր դոլարներ, ապա միանգամայն տրամաբանական է հարցը, թե ի՞նչ պատիժ է սպասում պետական միջոցների հետ հանցավոր ձևով վարվող մարդկանց: Բայց արի ու տես, որ հենց այս կետի վրա պատասխանների քանակը կտրուկ կերպով սպառվում է, և սա առաջին դեպքը չէ:

Ստացվում է, որ ամեն անգամ յուրաքանչյուր նոր չինովնիկ պիտի գա, սրբագրի իր նախորդի սխալները, աչք փակի ահռելի թալանի առաջ սոսկ այն բանի համար, որ պետության վարկը անվնաս մնա: Սակայն պետության վարկանիշը առաջին հերթին վնասվում է հենց այդ անպատժելիությունից: Եվ ուրեմն, «Դիլիջան» ուսումնական կենտրոնի ճակատագիրը կարող է նոր իմաստ ձեռք բերել միայն այն պարագայում, երբ հայտնի կդառնա Գագիկ Խաչատրյանի ճակատագիրը:

shame.am

Այս նյութը դիտել են - 7274 անգամ