Մեր տեղեկություններով հայ համայնքի մոտ դժգոհություն է առաջացրել այն պատճառով, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը գաղտնի է պահել հանդիպման ժամն ու վայրը՝ հավանաբար անցանկալի ակցիաներից ու հարցերից Սերժ Սարգսյանին եւ իրեն ապահովագրելու նպատակով: Սարգսյանի այցին ընդառաջ եկեղեցին մի քանի ժամ շարունակ ստուգել են, հետո հսկողության տակ պահել:
Սարգսյանի այցը Մաստրիխտի եկեղեցի այնքան գաղտնի են պահել, որ նույնիսկ Մաստրիխտի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը չի իմացել այդ մասին: Վերջինս, այցից հետո որպես բողոքի նշան հրաժարվել է այդ եկեղեցում քահանայությունից:
Ենթադրվում է, որ քահանայի հանդեպ այս վարքագծի պատճառն այն է, որ վերջինս մասնակցել էր ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցին եւ ելույթ ունեցել: Հիշեցնենք, որ դրանից հետո Տեր Արմենը պաշտոնազուրկ արվեց: Ավելի ուշ մամուլում գրվեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիաները:
Չնայած նրան, որ հայ համայնքի ներկայացուցիչներից այցը գաղտնի է պահվել, մեր տեղեկություններով ամեն դեպքում գտնվել է մեկը, որ Սերժ Սարգսյանին հարց է տվել, թե ինչ է լինելու «Սասնա ծռեր» խմբի տղաների գործը:
Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք հանցագործություն են արել, պիտի պատասխան տան օրենքի առաջ:
Տեղի ունեցածի մասին Արմեն քահանա Մելքոնյանի հետ այսօր զրուցել չհաջողվեց: Նշենք, որ Մաստրիխտի եկեղեցու սարկավագ Քրիստափոր Ֆրունճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Լեւոնը (Մաստրիխտի համայնքի ատենապետ Լեւոն Սարգիս) անձամբ մեզ հաղորդեց եւ խոստովանեց (Սերժ Սարգսյանի այցելությունից հետո), որ տիկին Ձյունիկ դեսպանուհին անձամբ զանգահարել եւ հրամայել էր նրան, որ Տեր Արմեն քահանային եւ համայնքի անդամներին բացարձակապես արգելվում է ներկա գտնվել նախագահի ընդունելությանը:
Սիրելի հավատացյալներ, երբ Մաաստրիխտի ծխական խորհուրդը ծառայաբար ենթարկվում է նախագահական գրասենյակին եւ տիկին դեսպանուհուն՝ արգելելով հոգեւոր հովվին եւ հայ համայնքին ներկա գտնվել եկեղեցում նախատեսված հանդիպմանը, դա նշանակում է լուրջ արհամարհում եկեղեցական բոլոր կարգ ու կանոնների, եւ ժողովրդին ու նրա կողքին կանգնած քահանային դավաճանություն՝ հանուն անօրեն նախագահի ընդունելության:
Ես ուզում եմ ձեզ հարց տալ. երբեւիցե դեսպաններին եւ այլ քաղաքական գործիչներին թույլ տրվո՞ւմ է խառնվել եկեղեցական ներքին գործերում եւ որոշել՝ ով կարող է լինել եւ ով ոչ.
Սուրբ Կարապետ Եկեղեցին եկեղեցի՞ է, թե՞ գոնսուլատ, որ ենթարկվի Ձյունիկ դեսպանի հրամաններին: Մենք եկեղեցի ենք պահում եւ ֆինանսավորո՞ւմ, թե՞ գոնսուլատ: Մենք չենք ընդունի այս արարքը, քանզի եկեղեցին ժողովուրդն է եւ քահանան է»: