Հոգի կեղեքող տանջանքներ, որ անպատասխան սեր է կոչվում
2016-10-27 10:05:00

Դեռ սեպտեմբերից,  երբ  այդ դասարանը մտա, նա չկար…Իմացա, որ հանգամանքների բերումով` իմ աշակերտուհին արդեն մեզանից ոչ հեռու  գյուղական դպրոց  է հաճախում:  Այս օրերին նա  մի նոր հրաշալի զգացողություն պարգևեց ինձ, երբ գրեց, որ կարոտել  է  իր ուսուցչուհուն  և նրա դասավանդած  դասերը: Ինչու՞ ինձ թվաց, որ նա անհանգիստ  է, ու  նրան անմիջապես առաջարկեցի  գրել կարոտի մասին, կարոտ սիրո,  կարոտ  հայրենիքի…

Կարոտ, որ  իր հետ  թախիծ  է բերում, երբեմն անսահման մեծ երջանկություն,  կարոտ, որ դեռահաս աղջկան կարող  է մեծ ցավ պատճառել…Ու  կարոտը  թևին տալով`    իր տխրամած մտորումներով  ինձ  հասավ,  որտեղ մի սիրուն աղջիկ կար, որ  չէր  ուզում իր  անունը  գրել, նա չէր  ուզում նաև  տեսանելի լինել, բայց սրտի  խոսք  ուներ, անսահման սեր, որ կորցրել էր   և   հետքն էր մնացել իր  պարզ  ու  մաքուր սրտում:  Ապրիլյան պատերազմական օրերից ծնված մի սեր, որ  դողդողաց  օդում,  ապրիլին հանկարծակի տեղացած  ձյունից սարսռաց, արկերի հարվածներից  կուչ  եկավ, բայց ապրեց: 

«Բայց ապրե՞ց»,-կրկնում եմ ես,  մի՞թե ապրեց   այդ  սերը,  երբ ինձ ուղարկած նրա կարոտի  խոսքերում կորցրած  մի  սեր կա, մի անմոռաց  հիշողություն. «Սիրտս լցված է մշուշով,  և թույլ է ու տկար: Դուրսը հիմա ցուրտ է,  հոգիս` ալեկոծված: Չէի կարող հզոր լինել և այդքան ուժգին պայքարել: Ասես մոլորված եմ, հոգնած ու մենավոր: Երբ տխուր երեկոն իր մթությունն է փռում սրտիս մեջ,  ես իմ անպատասխան սիրուց  տանջված` սկսում եմ երազներ հյուսել: Ասես նա ականջիս շշնջում է,  որ նորից կգա  ու իր հետ կբերի մի նոր արշալույս: Ես կարծում էի`  գտել եմ իմ  կյանքի  միակ,  անկրկնելի  ու  անարատ  սիրուն,  բայց  երբ  արթնացա,  արդեն  կորցրել  էի:

Հիմա  հարազատ է դարձել ինձ աշունը: Աշնան անձրևի պես` ես լացում եմ անընդհատ: Լացում  եմ կարոտից: Նա  ջարդեց, փշրեց սիրտս, որտեղ  ինքն էր ապրում, կարոտը  դարձրեց  ինձ  ընկեր,  կարոտ,  որ ապրելուց քաղցր է,  իսկ   ես արդեն հիվանդ եմ այդ սիրուց:  Հասկանում եմ,  որ, իրոք, սիրում եմ,  բայց ոչինչ փոխել չեմ կարող:  Ես  կարոտում  եմ, տառապում  անվերջ, միշտ աղոթում եմ, չեմ ուզում  տանջվել կորցրածի համար: Աշնան օրերն էլ  տխուր  են սառը, ինչպես  իմ  սիրտը`  կոտրված  ու  թախծոտ, բայց  սիրով լցված»:

Ես չգիտեմ իմ հրապարակումներով որքանով եմ օգնում այս սիրահարված անմեղ էակներին, բայց ուզում եմ հոգում կսկիծ ունեցող դեռահասներին ասել, թե ու՞մ է պետք անպատասխան սերը, որ արցունք է բերում, անհուն տառապանք: Դեռ ինչքա~ն անհասանելի բարձունքներ կան, որ պիտի հասնեք, ինչքա~ն գեղեցիկ զգացողություններ կան, որ պիտի ապրեք: Ազատվե՛ք հոգի կեղեքող տանջանքներից ու զգացմունքներից, հաղթահարե՛ք այն, որ կարողանաք այս կյանքում ապրել:  

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1434 անգամ