Հնչակները Քլինթոնին կդարձնեն ԱՄՆ նախագահ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում զորակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: ՍԴՀԿ-ն հավանաբար մտածել է, որ Քլինթոնին պակասում էր միայն իրենց աջակցությունը և ծանր, երկարատև մտորումներից հետո տեղեկացրել է իր ճակատագրական որոշման մասին: Բայց տեղեկացնելն այլ բան է, հիմնավորելը՝ մեկ այլ բան: Եվ հնչակներն այս հարցում ջանք ու եռանդ չեն խնայել:
Ենթադրվում էր, որ հայկական ավանդական կուսակցություն համարվող ՍԴՀԿ-ին առաջին հերթին պիտի հետաքրքրեր ոչ թե Թրամփի առնչությունը իգական սեռի հետ, այլ նրա հայացքները Հայաստանի ու հայերի առնչությամբ (ի վերջո, հնչակներն ի՞նչ գիտեն, Քլինթոնն ինչպե՞ս է կարգավորում իր սեռական կյանքը, թեպետ շատ է գրվել նրա լեսբոսության մասին): Բայց ՍԴՀԿ-ն Թրամփի սեռամոլությանը հակադրում է Քլինթոնի մասին երազանքային պատկերացումները, այսինքն այդ տիկնոջը վերագրում են բաներ, որոնք նա ոչ արել է ու ոչ էլ ասել, սակայն, չգիտես ինչու, համոզված են, թե դրանք անպայման կյանքի կկոչվեն: Դրա համար մի նամակ էլ Հիլարիին են գրել, նրան մաղթել են, որ Հայոց ցեղասպանության հարցով նա վերադառնա այն կեցվածքին, որ ունեցել է իր սենատոր եղած շրջանում (ի՞նչ կեցվածք, ե՞րբ է ունեցել): Նաև կոչ են արել, որ նա սատարի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին ու Լեռնային Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ միջոցներով լուծմանը (ինչո՞ւ պիտի սատարի, եթե պետքարտուղար եղած տարիներին ճիշտ հակառակն է արել):
Եվ այսքանով էլ ավարտվում է ՍԴՀԿ-ի միջամտությունը համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, ինչը շատ նման է ավազահատիկով Հիմալայան լեռնաշղթային աջակցություն ցույց տալուն: Մնաց միայն, որ լեռնաշղթան հատիկը տեսնի: