Ծառուկյանի ոչ մոռացել է, ոչ էլ կների . Ուրեմն, վայ չներվածներին2016-10-27 12:21:00
Ծառուկ Սարգսյան
Բոլորը վաղ առավոտից արդեն գիտեին, որ Գագիկ Ծառուկյանը պիտի խոսի, և երբ «Էքսպո Ռուսաստան- Հայաստան- Իրան» արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու եկած ԲՀԿ նախկին առաջնորդը հայտնվեց լրագրողների օղակի մեջ, նրանից հենց դա էլ ակնկալվում էր: Իր՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին նա ասաց.
«Ես 2015-ի փետրվարի 12-ին հայտարարեցի, որ եթե պետք է հեղափոխությամբ արյուն թափվի, դեմ եմ, թույլ չեմ տա, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ նման բան լինի, ես իմ ժողովրդի կողքին եմ՝ իմ հնարավորության սահմաններում, կլինի Հայաստանում թե Արցախում։
Որպեսզի ցնցում չլիներ, և երկու պետությունները չվտանգեինք, քաղաքական էջը փակեցի։ Եթե պահանջարկը լինի, եթե կարկառուն գործիչները անհրաժեշտ գտնեն, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- հայտարարեց նա՝ դեռևս նահանջի տեղ թողնելով իր համար: Բայց միևնույն է, մարտահրավերն արդեն նետված է, ու Ծառուկյանն ինքն էլ գերազանց հասկանում է, որ ոչ մի գիրք բացել չի կարող, քանի դեռ կան հին վիրավորանքներն ու գժտությունները: Նա դրա մասին այսօր ասում է. «Ինչքան մարդը հզոր և ուժեղ է, այնքան կամեցող ու ներող է։ Ես բոլորին ներում եմ»։ Բայց Ծառուկյանին կներե՞ն նրանք, ովքեր այնքան էլ ուժեղ չեն ու այնքան էլ կամեցող չեն:
Այս հարցում պատասխանը միանշանակ լինել չի կարող: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար, լղոզելու մեծ վարպետ Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե «երբ խոսքը վերաբերում է վիրավորանքներին, պետք է Ծառուկյանը լինի մեծահոգի և դիտարկի քաղաքական ասպարեզում, ոչ թե անձնական հարթությունում»:
Բայց նույն Բաղդասարյանը հազիվ թե համաձայնի, որ իրեն առավոտից իրիկուն հայհոյեն ու անպատվեն քաղաքական կոնտեքստում, որովհետև եթե մարդը մի փոքր ինքասիրություն ունի, նա ամեն դեպքում կուլ չի տալու վիրավորանքը՝ ինչ հարթության վրա էլ այն հնչած լինի: Այնպես որ Ծառուկյանի մեծահոգի հորդորն ու հավաստիացումը շատ դժվար է ընդունել հալած յուղի տեղ: Նա ոչ մոռացել է, ոչ էլ կների: Ուրեմն, վայ չներվածներին:
shame.am
Այս նյութը դիտել են - 5555 անգամ