Ակնհայտ է, որ սփյուռքը անընդհատ փորձեր է անում մեր օրենսդիր, կառավարման դաշտը մտնելու համար...2016-10-27 14:16:00
![](files/06bf941/6245/45a22504076a01.jpg)
Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, պահեստի գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, նոր շարժում է ստեղծել «Միացյալ Արմենիա» անվանմամբ, որի ընդլայնված ֆորումը հասարակական ու քաղաքական ուժերի մասնակցությամբ տեղի կունենա նոյեմբերի սկզբին: Նոր շարժման նպատակն է ապահովել սփյուռքի լեգիտիմ ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում՝ մասնավորապես խորհրդարանում՝ սփյուռքի պատգամավորներից բաղկացած վերին պալատ ստեղծելով: Ընդ որում՝ վերին պալատը պետք է ունենա ազգային հարցերի վրա վետոյի իրավունք: Բացի դա՝ «Միացյալ Հայաստանը» չի բացառում, որ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեստի գնդապետ Արթուր Ալեքսանյանը: «Մենք շարժում ենք ստեղծել և ուզում ենք ապագայում ձևավորվող ԱԺ-ում վերին պալատ ստեղծվի, որի մեջ ընդգրկված կլինեն սփյուռքահայերը»,-ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ Սահմանադրությունը նման բան թույլ չի տալիս, Ալեքսանյանը պատասխանեց. «Գիտենք, որ թույլ չի տալիս, դրա համար շարժում ենք սկսել, որ կարողանանք էդ հարցը լուծել: Պետք է Սահմանադրությունը փոխվի: Պետք լինի 10 անգամ պիտի փոխվի: Սահմանադրությունը պետք է ազգի շահերից բխի: Պետք է սփյուռքը լեգիտիմ ներկայացուցչություն ունենա մեր կառավարման համակարգում: Էսօր սփյուռքը էդ գործընթացից դուրս է, և մենք համարում ենք, որ ՀՀ-ն համայն հայության պետությունն է, ոչ թե մենակ հայաստանցիների: Մեր խնդիրները լուծելու համար կարծում եմ ոչ միայն իրենցից փող է պետք, այլև իրենց ներգրավվածությունը, իրենց փորձը, կարողությունն ու կրթությունը։ Հիմա մենք սփյուռքահայերի հետ ենք աշխատում, Արցախում ակտիվիստներ ունենք, իրենց հետ ենք աշխատում»:
Արթուր Ալեքսանյանը չնշեց, թե հատկապես որ ուժերի հետ են իրենք այժմ համագործակցում ու ովքեր են մասնակցելու իրենց ֆորումին, ասելով, որ անուններ տալ դեռ չի ուզում: Հայտնի է միայն, որ «Միացյալ Արմենիա»-ի հավաքներին մասնակցում են Ազատ Արշակյանը, Նինա Հովնանյանը, Արամ Ավետիսյանը և վերջերս հանդիպում է տեղի ունեցել «Արդարություն Հայաստանում», «Հոգևոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունների և «Ազգային գվարդիա» հիմնադրամի ներկայացուցիչների՝ Հրանտ Թոխատյանի, Վարդան Խաչատրյանի, Արեգ Նազարյանի, Արշակ Զաքարյանի հետ:
«Վերին պալատում նախատեսում ենք ամեն 100 հազար հոգանոց համայնքից մեկ պատգամավոր ունենալ՝ սփյուռքից, Արցախից, ինչպես նաև Հայաստանից: Ստորին պալատում կլինեն Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչները: Միայն ազգային հարցերին զբաղվեն և ազգային հարցերի շուրջ վետոյի իրավունք ունենան: Մենք ազգային հարց ենք համարում արդարադատությունը, առողջապահությունը, մշակույթը, կրթությունը, ներդրման համակարգը, տուրիզմը»,- ասաց Ալեքսանյանը:
Բացի հեռահար նպատակներից «Միացյալ Հայաստանը» պատրաստվում է նաև մասնակցել առաջիկա ընտրություններին. «Եվ կընտրվենք, և լոբբինգ կանենք: Ակնհայտ է, որ սփյուռքը անընդհատ փորձեր է անում մեր օրենսդիր, կառավարման դաշտը մտնելու համար»:
Tert.am
Այս նյութը դիտել են - 3724 անգամ