Հայաստանի կառավարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, որոնց մի զգալի մասը կրկնում է «ավանդական»՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը, թեպետ նոր կառավարության ներկայացուցիչները ջանք չեն խնայում իբր նոր դեմքով եւ որակով ներկայանալու։
Այսպես, Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մինչ նշանակումը համեստորեն ներկայանում էր որպես «GNC-ալֆա» ՓԲԸ-ի («Ռոստելեկոմ» ընկերության) տնօրենների խորհրդի նախագահ, որոշել է յուրայիններին ամեն գնով տեղավորել կառավարությունում։ Մեր տեղեկություններով, առաջիկայում Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նոր պետ է նշանակվելու։
Նոր պետը լինելու է Վահան Մարտիրոսյանի հովանավորյալը՝ «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նախարարը նաեւ ցանկանում է ՊԵԿ նախագահի խորհրդական կարգել մեկ այլ մտերիմի՝ Արա Յաղջյանին։
Ակնհայտ է, Հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության մայրուղու հարցերն «անկարեւոր» համարելով, բիզնեսից կառավարություն տեղափոխված Վահան Մարտիրոսյանը, այդ նշանակումներով իր մտերիմների հետ միասին ցանկանում է վերահսկել հատկապես տենդերները, ըստ այդմ՝ առաջ մղելով հարազատ «Ռոստելեկոմ» ընկերության շահերը։ Իսկ այս համատեքստում, կասկածելի բիզնես-սխեմաներում թաթախված երիտասարդներով կառավարությունը լցնելը դառնում է գործելաոճ, եւ հարց է՝ այդ հանգամանքը որքանո՞վ կնպաստի պետական շահերին։
Ի դեպ, մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ պետական մարմինները նորից փոխելու են կապի օպերատորին՝ նախապատվությունը տալով «Ռոստելեկոմին»։
Այս նյութը դիտել են - 2446 անգամ