«Ժողովուրդ»․ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում դառնալու է երկրորդ մարդը
2016-10-27 22:16:00

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը` Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը:

Այս նպատակով նաեւ քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը` խորհրդի նախագահը:

Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին: Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»,- մասնավորապես, գրում է թերթը:

Այս նյութը դիտել են - 2962 անգամ