ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում՝ Լոս Անջելեսում
2016-10-28 00:46:00
Հոկտեմբերի 25-ին, ՀՀ Անկախության 25- ամյակի առթիվ , Լոս-Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս պրն. Սերգեյ Սարկիսովի բարձր հովանու ներքո « Beverly Hilton» շքեղ հյուրանոցի «Beverly Hills Ballroom» սրահում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝: 
Մինչ միջոցառման սկսվելը՝ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը տան տիրոջ իրավունքով դիմավորում էր հյուրերին, սիրալիր բարի գալուստ մաղթում :
Նշենք, երեկոյին ներկա էին Լոս-Անջելեսում Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի հոգևոր այրերը՝ գլխավորությամբ Թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան դաշնային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, ճանաչված բժիշկներ, իրավաբաններ և այլոք: 
Միջոցառումը վարեց FOX11 ամերիկյան հայտնի հեռուստակայանի սիրված ու ճանաչված հաղորդավարուհի՝ Արաքսյա Կարապետյանը, ով հրաշալի անցկացրեց երեկոն: 
Բացման խոսքից հետո, Ա. Կարապետյանը բեմահարթակ հրավիրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին, ով ներկաներին շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ՝ նորանոր վերելքներ մաղթելով Հայաստանին և Արցախին:
Իր ելույթում հարգարժան գլխավոր հյուպատոսը նշեց, որ Անկախության օրը իր համար կրկնակի տոն է և ուրախություն, քանի որ հենց այդ օրը ծնվել է իր աղջիկը՝ Իյան:
Ելույթ ունեցավ նաև Լոս Անջելեսում ՀՀ փոխհյուպատոս պրն. Վալերի Մկրտումյանը: Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ նա փոխանցեց ՀՀ վարչապետ պրն. Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը՝ ուղղված լոսանջելեսահայությանը (տեսանյութ): 
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանը, Փոլ Կորտեզը, Սեբաստիան Ռիդլի-Թոմասը, Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրոն, Լոս Անջելեսում հավատարմագրված երկրների գլխավոր հյուպատոսներ,ԱՄՆ պետքարտուղարության Լոս Անջելեսի գրասենյակի տնօրեն Ջեյմս Փարավոնյանը, Մոնթեբելլո քաղաքի քաղաքապետ՝ Ջեք Հաջինյանը, Կալիոֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանը և այլոք: 
Երեկոյին մշակութային համարներով հիացրեցին «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավորությամբ Միքայել Ավետիսյանի, դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, «Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ» միջազգային պարային ակադեմիայի սաները: 
Ամբողջ միջոցառման ընթացքում, անհնար էր չնկատել հյուպատոսության աշխատակիցների՝ Արմինե Բալյանի, Լիլիթ Սեդրակյանի , Գայանե Սահակյանի ջերմ ու սիրալիր վերաբերմունքն ու ուշադրությունը բոլորի նկատմամբ, իսկ հյուպատոս տկն. Արմելլա Շաքարյանը, ով այդ երեկոյի կազմակերպչական պատասխանատուններից էր, նրբանկատորեն համակարգում էր, որպեսզի երեկոն հիանալի անցնի: 
Միջոցառման ժամանակ այն տպավորությունն էր, որ « Beverly Hills Hilton»-ը դարձել էր կարծես «Հայի Տուն», որտեղ մեզանից յուրաքանչյուրը ջերմությունն էր զգում:
«Beverly Hills Hilton» հյուրանոցը այդ մի քանի ժամերի ընթացքում դարձել էր Փոքրիկ Հայաստան, ուր տիրում էր հայկական մթնոլորտ, երգ- երաժշտություն, պար, ճոխ հյուրասիրություն , որը զարմացրել էր անգամ հյուրանոցի այցելուններին և աշխատակիցներին: 
Հ.Գ. Միջոցառման ավարտից հետո, երբ տպավորություններով լի դուրս եկա, հիշեցի նախկին գլխավոր հյուպատոս, իսկ այժմ ԱՄՆ -ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերը. «...ես հավատացած եմ, որ ամեն մի հայի սրտում այդ օրը ավելի էր բաբախում միմյանց հանդեպ միասնական ու համախմբված լինելու գաղափարը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր Հայի, ով ապրում է հայրենքից հեռու...ՀՀ Անկախության խորհուրդը մեզ՝ հայրենքից հեռու ապրողներիս համար, անկախությունից բացի, համերաշխության և համախմբման գաղափարն է : Թեև շատ հաճախ մենք մեզ քննադատում ենք այն բանի համար, որ համախմբված չենք, այնումենայնիվ, մենք՝ բոլորս, անկախ այն բանից թե՛ որտեղի՞ց ենք գալիս՝ Երևանից, Բեյրութից, թե՛ Թեհրանից ապրում ենք հայրենքի սիրով, պահում և պահպանում ենք մեր սրտերում հայրենքի նկատմամբ գերագույն արժեքը՝ ՍԵՐԸ:
Մենք սիրում ենք մեր երկիրը՝ առանց պայմանների: Սիրում ենք այնպես, ինչպես սիրում են զավակներին, ինչպես մեծարում ենք ծնողներին: Հայրենիքը իր հերթին հետևում է օվկիանոսի այս կողմում ապրող իր զավակների ճակատագրին: Ուրախանում է ամեն մի հայ երեխայի ծննդով, նրան հայ դաստիարակող ուսուցչով, հայի տեսակը մեծացնող ծնողներով»:
Սեպտեմբերի 21-ը թող ո՛չ միան Անկախության օրացույցային օր լինի, այլ՝ միմյանց նկատմամբ սիրով, հարգանքով, համախմբման և համերաշխության տոն:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 4114 անգամ