Կեցցե՛ չինովնիկ Ամիրյանը
2016-10-28 15:00:00

Արմեն Ամիրյանը դարձավ կուսակցական

Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին, քանի որ, իր կարծիքով, մշակույթի նախարարը պիտի լինի անկուսակցական: Ամիրյանի ասածը տպավորիչ էր ընդամենը մի քանի վայրկյան, քանի որ դրանից անմիջապես հետո նա խոսեց նախօրեին Երևանի Վարդանանց փողոցում պայթեցման միջոցով քանդված Տպարանի շենքի մասին և լրագրողներին հայտնեց, թե իրականում շենքն այնքան էլ արժեքավոր չէր ու ներառված չէր պատմամշակութային հուշարձանների շարքում:

 «Եկեք կառչենք այն մտքից, որ վերացրեցինք հին Երևանը, այո՛, վերացրեցինք, այո՛, սխալ ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, այո՛, շատ վատ բան է կատարվել, բայց ի՞նչ է փոխվելու: Ի՞նչ է մնացել վերացնելու, կա՞ ինչ-որ բան, որը պիտի պաշտպանենք:

Եթե կան շենքեր, որոնք ներկայացնում են պատմամշակութային արժեք` եկեք առարկայական խոսենք ու ներառենք պաշտպանվող հուշարձանների շարքում»,- սկսեց փիլիսոփայել Արմեն Ամիրյանը՝ ասելով բաներ, որոնք լավ կլիներ, եթե երբևէ չասեր:

Որովհետև նրա խոսքերից հետո հավաքվածներն անմիջապես հասկացան. պետք չէ, որ նախարարը անդամակցի ՀՀԿ-ին: Նա արդեն իսկ կուսակցական է՝ հոգով, արյունով, մտածողությամբ, պատկերացումներով:

Նա ոտքից գլուխ կուսակցական պաշտոնյա է, ով ոչ այնքան մտածում է իրական անելիքի մասին, որքան բարդ իրավիճակներում թոզ փչելու, բառախաղերի օգնությամբ իր դեմքը փրկելու, պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու մասին:

Ամիրյան մշակույթի պաշտպանը մեռավ:

Կեցցե՛ չինովնիկ Ամիրյանը:

shame.am

Այս նյութը դիտել են - 5377 անգամ