Կներեք «ղառղառ» խոսքերիս համար, բայց այդ տնտեսական բարեփոխումներն իրականություն չեն դառնա, եթե չվերականգնվի հասարակության արժեքային համակարգը։
Իմ շփումները խոշոր կապիտալիստների և միջին ձեռներեցների հետ թույլ են տալիս ասել, որ օլիգարխիայի ներկայացուցիչների 97 տոկոսը չգիտի՝ ինչ բան է արժեքային համակարգը։ Փողի մոլուցքը թույլ չի տալիս ունենալ այն առաջընթացը, որ մենք երազում ենք։ Փողի մոլուցքը կարող է վերանալ, եթե լինի արժեքային համակարգ։ Եթե Շիրվանզադեն ապրեր մեր օրերում, բավականին տիպիկ կներկայացներ նորօրյա «Քաոսը»։
Ասել է՝ համամի՞տ չեք ԱԺ ղեկավարի այն մտքին, թե ժողովուրդը երազում է կուշտ ապրելու մասին։
Եթե մարդը կուշտ ապրի ու հոգևոր արժեքներ չունենա, այդ մարդն ինձ համար զրո է։ Բարեփոխումները ոչ այնքան արմատական պետք է լինեն տնտեսությունում, որքան արժեհամակարգում։ Ես աղքատ եմ ապրում, այսինքն՝ նյութապես նորմալ, հոգեպես սարսափելի աղքատ։ Ես հոգեկան ճգնաժամի մեջ եմ:
ԱԺ-ո՞ւմ էլ եք այդ «ճգնաժամի» մեջ։
Խորհրդարանում ավելի է խորանում ճգնաժամը։ Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են, անգամ սուրճ խմում են միայն կաստաներով։ Սա փայլուն ապացույցն է կորցրած արժեքների։ Ուզում ես ստեղծիր տնտեսություն, որ յուրաքանչյուր քաղաքացի 5000 դոլար աշխատավարձ ստանա, բայց եթե արժեհամակարգ չկա, ո՞ւմ է պետք այդ կենսամակարդակը: