Իսկ ես սպանություն նախապատրաստող էի. Քրեակատարողական վարչության նախկին պետ 2016-10-28 23:04:00
«Իսկ ես սպանություն նախապատրաստող էի, որ իմ անմեղության կանխավարկածը խախտեցիք, նախկին շեֆիդ հանձնարարությունը կատարեցիր և գործ սարքեցիր իմ դեմ, ինչ ցանես այն էլ կհնձես»:
Այսպես է մեր կայքում արձագանքել Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը երեկ կաշառք վերցնելու պահին ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանի եղբոր՝ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության պետի նախկին տեղակալ Հովսեփ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:
Անդրադառնալով դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու պահին ԱԱԾ-ի արած տեսանկարահանմանը, Հովսեփ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ քանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, այդ տեսանյութը անմեղության կանխավարկածի խախտում է:
Նշենք, որ 2014 թվականի մայիսի 5-ին Արաբկիր-Զեյթուն համայնքների դատարանը Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման: Հովհաննիսյանը մեղադրվում էր դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը նախապատրաստելու եւ «Սամոշ» ՍՊԸ-ի կառուցած «էլիտար» շենքի բնակարանները կրկնակի վաճառելու մեջ։ Ըստ դատավճռի, Հովհաննիսյանից պետք է 42 մլն դրամ գանձվեր:
Սույն դատավճռից մի քանի ամիս անց Սամվել Հովհաննիսյանը, որը ողջ դատավարության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, ներման խնդրագիր է գրել Սերժ Սարգսյանին: Խնդրագիրը բավարարվել է եւ նախկին պաշտոնյան ազատ է արձակվել:
Հովհաննիսյանը ժամանակին Երվանդ Զախարյանի խնամին է եղել, բայց հետագայում նրանց զավակներն ամուսնալուծվել են:
armtimes.com
Այս նյութը դիտել են - 5312 անգամ