Տոներից առաջ Սամվել Բալասանյանը հրաժեշտ տվեց իր մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանին...
2016-01-08 09:56:00

Տոներից առաջ Սամվել Բալասանյանը հրաժեշտ տվեց իր մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանին: Հրաժեշտը ուղեկցվել է աղմկոտ տեսարանով: Քաղաքապետի աշխատասենյակից գոռոցներ են լվսել: Ասում են, մամուլի քարտուղարը վիճել է շեֆի հետ, այնուհետև հեռացել է, դուռը շրխկացնելով: Իսկ Բալասանյանը նրան անվանել է դավաճան, ապա վիրավորական եղանակով է վարվել նրա հետ: Ներքին անվտանգության աշխատակիցները ներխուժել են Լիլիթ Մակարյանի աշխատասենյակ և դուրս են հրավիրել նրան: Բալասանյանը նրանց հրահանգել է նաև կապարակնքել Լիլիթի աշխատասենյակը, ինչը կատարվել է: Գյումրիի քաղաքապետարանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ: Աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը <պաշտոնական անտեղյակություն> ցուցադրեց: Նա ասաց, որ իրեն ոչինչ հայտնի չէ, և ինքը Լիլիթ Մակարյանի ազատման հրամանը չի տեսել. <Առաջին օրերն ենք եկել աշխատանքի, տեղյակ չեմ, ինչ է կատարվել, բայց խոսնակը հայեցողական պաշտոն է, քաղաքապետից պետք է հարցնեք>: Մենք զանգահարեցինք Լիլիթ Մակարյանին: Նա հայտնեց, որ ոչ մի հարցի պատասխանել չի կարող, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում և առողջական խնդիրներ ունի: Փաստորեն, Սամվել Բալասանյանի վրա խոսնակ չի գալիս: Նախկին խոսնակը` Զոհրաբ Եգանյանը, մեկ տարուց քիչ ավելի պաշտոնավարեց և գնաց կրթության նախարարություն, և մոտ մեկ տարի հաշտ աշխատեց Լիլիթը:

 

Սյուզան Սիմոնյան  Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1588 անգամ