Ախր հրապարակը ձեզ համար չէ. այն Վահրամ Բաղդասարյանի ու նրա նմանների պապական բոստանն է...
2016-01-08 10:51:00

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, անդրադառնալով վերջին օրերին իրենց անդամների նկատմամբ իրականացված «ոստիկանական բռնություններին», հայտարարել է, որ եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացուն, ապա «առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով ինքնապաշտպանությանը»:

 Այն, որ «Նոր Հայաստանի» այս մարտավարությունից սադրանքի ուժեղ հոտ է փչում, դա հաստատ է: Իրավապահների կողմից գործադրված անօրինական մեթոդների դեպքերի կողքին քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ ակտիվիստները հենց իրենք են հրահրում լարվածություն:

Բայց մյուս կողմից՝ չենք կարող նաև անտեսել, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքները, արժանապատվությունն ու ֆիզիկական գոյությունը պաշտպանելու իրավունքով է օժտված, եթե պետությունը թերանում է կատարել այդ գործառույթները և կամ գերազանցում է իր լիազորությունները: Սա բոլորի համար է հասկանալի, բացի ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:

«Այդ հայտարարությունն անողներին ես, օրինակ, մտածում եմ, որ ընդհանրապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կո՞չ են անում: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Ինչ է՝ Հայաստանում կամ ցանկացած երկրում նման միջադեպեր չե՞ն լինում, և ոստիկանությունն էլ պետք է զբաղվի այդ գործերով: Կոչ են անում, որ երիտասարդներին հանեն իրար դե՞մ, ազգը ազգի դե՞մ: Վտանգավոր է, որ ընդհանրապես նման կոչ անողները շփվեն հասարակության հետ, դրա մեջ կհամոզվեք ապագայում»,- ասում է նա՝ ևս մեկ անգամ հանդես բերելով իրավիճակին ոչ ադեկվատ արձագանք հնչեցնելու իր ունակությունը:

Նախ նկատենք, որ խոսքը ինքնապաշտպանության մասին է, այլ ոչ թե նախահարձակ լինելու, և ուրեմն Վահրամ Բաղդասարյանին առաջին հերթին պիտի մտահոգեր այն հարցը, թե ինչու են մարդիկ պաշտպանվում և ումից են պաշտպանվում: Բայց քանի որ նա այդ բանը հրաշալի գիտի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես շեղվում է կոնկրետ նշանակետից և իրեն նետում է «պեչենու բաղերը», այսինքն սկսում է թշնամի որոնել երկրի սահմաններից դուրս: «Ես գնալով միանշանակ համոզվում եմ, որ ուղղորդողներ կան, որովհետև այդպես չսիրել իրենց երկիրը, իրենց պետությունը և անընդհատ ցանկանալ՝ լարել ներքաղաքական իրավիճակը, խոչընդոտներ ստեղծել առանց այդ էլ արտաքին աշխարհի այս մարտահրավերների պայմաններում․․․»,- տագնապ է հնչեցնում Բաղդասարյանը:

Ու քանի որ ՀՀԿ-ականի համար օրենքն ու իրավունքն այն է, ինչ ինքն է հասկանում, ապա գործը հասցնում է սովորական զավեշտի, երբ նրան հարցնում են, թե ինչու՞ ակտիվիստներին թույլ չտվեցին տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում: «Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի, եթե Երևան քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ցանկանա նոր տարին այդ հրապարակում տոնել»,- ահաբեկված պատասխանում է նա:

Իսկ դուք պատկերացնու՞մ եք, հարգելի երևանցիներ: Ախր հրապարակը ձեզ համար չէ: Այն Վահրամ Բաղդասարյանի ու նրա նմանների պապական բոստանն է: Դուք ո՞վ եք, որ կարողանաք հրապարակներում նոր տարի տոնել: Գնացեք, հանգիստ նստեք ձեր տանը, այլապես ձեզ կմեկուսացնեն: Ու չհամարձակվեք ինքնապաշտպանվել, եթե ձեր նկատմամբ բռնություն կրառվի: Քանի որ արտաքին աշխարհի այս մարտահրավերների պայմաններում քանի՞ գլուխ ունեք, որ խոսեք ձեր իրավունքներից: Ձեր փոխարեն կխոսի ու հրապարակներում քեֆ կանի Վահրամ Բաղդասարյանը:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1527 անգամ