Մանրադրամների հետ ես հարաբերություններ չեմ ունենում. Ֆարմանյանը` անանուն նամակի հեղինա՞կ
2016-10-29 22:50:00
Araratnews.am-ն արդեն հրապարակել էր, որ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությունը երեկվանից ստուգումներ է իրականացնում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում: Ստուգումներ անցկացնելու մասին հարցով Կարապետյանին դիմել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով օրերս ԱԺ ամբիոնից ընթերցել էր մի նամակ, որը, ըստ պատգամավորի, իրենց խմբակցություն էին ուղարկել բուհի մի խումբ աշխատակիցներ, ասելով, որ մագիստրատուրայի ընդունելության քննություններին բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատակից չի մասնակցել։ Մասնակցել է միայն ռեկտորը, իսկ դեկաններին ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Սահակ Մինասյանը ի պատասխան հայտարարել էր, որ այս ամենը պատվեր է իր դեմ, որն իրականացնում է քաղաքական գործիչներից մեկը: «Նամակագիրը 4-5 կուսակցություն թռած, 6-րդի հետ բանակցած անձ է»,- ասել էր Մինասյանը:
Ընթացող զարգացումների վերաբերյալ Araratnews.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, հանրապետական Սահակ Մինասյանի մատնանշած քաղաքական գործիչը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր անվան շուրջ պտտվող տեղեկությունները, ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Ինչո՞ւ էր պետք Սամվել Ֆարմանյանին այս ամենը: Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, այդ բուհի ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտորն է: Նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի ազատվելուց հետո տեղեկություններ կային, որ ռեկտորի պաշտոնում կնշանակվի Անահիտ Ֆարմանյանը: Սակայն ՀՀԿ-ն նախապատվությունը տվեց կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին:
Մեր հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Սահակ Մինասյանի հետ, Սամվել Ֆարմանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Մանրադրամների հետ ես հարաբերություններ չեմ ունենում, նրանց օգտագործողների հետ` ըստ ցանկության»:
Հիշեցնենք, որ անանուն նամակի հեղինակներն անդրադարձել էին նաեւ Սահակ Մինասյանի անձին՝ գրելով. «Բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Սահակ Մինասյանը, որը շուրջ տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել»։
Փայլակ Ֆահրադյան
araratnews.am
Այս նյութը դիտել են - 2332 անգամ