Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ հայկական համագումարի պատվիրակությանը
2016-10-29 22:58:00

agn

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրել են կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը, անդրադարձ է արվել Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։

Զրույցի ընթացքում քննարկվել են համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր դերակատարությունը։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները անդրադարձել են մի շարք տարածաշրջանային խնդիրների՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փախստականների խնդիրներին։

Այս նյութը դիտել են - 3921 անգամ