Երեւանում գետնանցումներից մեկում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: ԱԱԾ-ն հրապարակեց նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է անձը, որի վրա տեղադրված է գաղտնի տեսախցիկը, տասը հատ 100 դոլարանոց հաշվում եւ փոխանցում դատավորին, որն էլ գումարը գրպանում տեղավորելով՝ խոսում է ինչ-որ դատական նիստ հետաձգելու մասին: Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է:
Ասում են, Հայաստանի դատավորների մեջ չի գտնվի մեկը, որի մասնակցությամբ հնարավոր չլինի նույն կինոն նկարել` որոշ դետալների տարբերությամբ: Ասենք, մեկին գետնանցումում 500 դոլար կփոխանցեն, մյուսին սրճարանում`10 հազար դոլար, երրորդին`աշխատասենյակում`100 հազար դոլար: Միլիոնների փոխանցման հնարավոր վայրեր մատնանշելու համար մեր երեւակայությունը, կարծես, չի բավարարում: Երեկ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Tert.am»-ի հարցազրույցում ասել էր, որ համակարգն է այնպիսին, որ որեւէ դատավոր չի կարող սուրբ մնալ:
Պարտադիր չէ, սակայն, որ որեւէ նախկին դատավոր խոստովանություն անի, որ պատկերացում կազմենք, թե կաշառակերությունը դատավորների մեջ որքան տարածված երեւույթ է: Դատարանների հետ երբեւէ գործ ունեցած ցանկացած բնակիչ դա շատ լավ գիտի, որովհետեւ կամ ինքն է կաշառք տվել, կամ ընդդեմ իրեն են դատավորին կաշառել, կամ իր գործը չի կարողացել դասավորել միայն այն պատճառով, որ անհրաժեշտ կաշառքի գումարը ձեռք չի բերել:
Եվ չնայած այս իրականությանը, վերջին 17 տարվա մեջ Հայաստանում երկրորդ անգամ է կաշառքի համար դատավոր ձերբակալվում: Առաջինը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանն էր, որը ձերբակալվեց 2014 թվականին, իսկ այս օգոստոսին նույն մեղադրանքով դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Արդար չի, իհարկե: Ու թերեւս այս անարդարությունն է պատճառը, որ նման դեպքերում ձերբակալվողները մեխանիկորեն շահում են հասարակության համակրանքը:
Կարծիքներ, թե սա քայլ էր, որը կմոտեցնի ՀՀ դատական համակարգից կոռուպցիայի վերացմանը կամ չեն հնչում, կամ հատուկենտ են հնչում` հիմնականում իշխանական շրջանակներից: Ավելի լայն տարածում ունի տեսակետը, թե եւս մեկը քավության նոխազ դարձավ: Մյուս կողմից, հնարավոր էլ չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանի բոլոր կաշառակեր դատավորները ձերբակալվեն եւ դատվեն: Դա լուրջ ճգնաժամ կառաջացնի երկրում, որովհետեւ պետության հենասյուներից մեկի` դատական իշխանության մի մասը պարզապես հօդս կցնդի:
Երեկ այս համատեքստում մի քանի փաստաբաններ բարձրացնում էին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարցը, որի մասին նախօրեին ՄԻԵԴ-ը հիշատակել էր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում: ՄԻԵԴ-ը նշել է, որ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման: Մասնագետները սա աննախադեպ են համարում, քանի որ ՄԻԵԴ վճիռներում սովորաբար դատավորների անուններ չեն նշվում:
Իհարկե, սա չի նշանակում, որ 2007 թվականին այն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը կաշառք է վերցրել կամ պատվեր է կատարել, դրա համար օբյեկտիվ չի եղել: Բայց հաշվի առնելով, թե ինչ մեծ վնաս կարող է հասցնել այս գործը Հայաստանի բյուջեին, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Կարծիք կա, որ փոխհատուցման գումարը հնարավոր է մի քանի անգամ գերազանցի մինչ օրս կառավարության կողմից ՄԻԵԴ վճիռների հիման վրա վճարված ամբողջ գումարը միասին վերցրած:
Եվ ահա փաստաբաններն արդարացիորեն նշում էին, որ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պետք է առնվազն հրաժարականի դիմում գրի, ինչը նաեւ ՀՀ դատական համակարգում արմատական փոփոխությունների դուռ կբացի:
Գուցե մեկ- երկու շարքային դատավոր ձերբակալելուց հետո մյուս բոլոր դատավորները մի շաբաթ ընկնեն մտածմունքների գիրկը, թե նման բան կարող է նաեւ իրենց հետ պատահել, բայց վերջիվերջո կհանգեն այն եզրակացության, որ իրենք ավելի զգույշ են, ավելի ամուր մեջք ունեն եւ այլն: Նրանք կշարունակեն կաշառք ստանալ, ասենք` զուգարաններում, ժողովուրդն էլ կմնա իր կարծիքին, որ ամեն ինչ ձեւական է:
Մինչդեռ` ղեկավարության կազմից մեկ-երկուսի ձերբակալությունը նույն րոպեին 50 տոկոսով կարող է կրճատել կաշառակեր դատավորների թիվը: Սա վերաբերվում է նաեւ կոռուպցիայի մյուս պետական օջախներին: 2017 թվականի ընտրություններին պատրաստվող իշխանական կուսակցությունում նույնպես գիտակցում են այս նրբությունները եւ ակնհայտորեն ավելի խոշոր ձերբակալություններ են նախապատրաստում:
Եվ հիմա մեծ թվով մարդիկ իսկապես հայտնվել են աննախանձելի վիճակում: Նրանք չեն կարող վստահ լինել, որ մինչեւ 2017-ի ապրիլ այս երկարուձիգ եւ մղձավանջային փուլում հենց իրենք չեն հայտնվի ընտրովի արդարադատության թիրախում: