7 տարի արդարությունս կերան. ինչու էր քաղաքացին կաշառք տալիս դատավոր Իշխան Բարսեղյանին
2016-10-31 16:07:00
Կաշառք ստանալու պահին անցյալ շաբաթ ձերբակալված, ապա կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին Ներքին Շենգավիթի բնակիչ, 57-ամյա Նորիկ Հակոբյանն է, որը 7 տարի է դատական քաշքշուկների մեջ է:
Այսօր հենց Շենգավիթի դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ ժամը 15:30-ին ընդդեմ Նորիկ Հակոբյանի դատական նիստ կար նշանակված: ԱԱԾ-ի ներկայացրած գաղտնի տեսանյութում հենց այս նիստի հետաձգման մասին էր խոսում կալանավորված դատավորը:
Մեզ հաջողվեց այսօր մի քանի հարց ուղղել Նորիկ Հակոբյանին: Նրա հետ կարճ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Հակոբյան, կարող ե՞ք մանրամասն ներկայացնել, թե ձեր հետ կապված ի՞նչ գործ էր քննվում դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ:
- Իմ սեփականության հետ է կապված, բայց դա շատ երկար պատմություն է: Ես 7 տարի է՝ դատական քաշքուկի մեջ եմ...:
- 7 տարի նույն դատարանո՞ւմ:
- Չէ, չէ: Ես 7 տարի է՝ դատարաններում եմ, չեմ կարողացել արդարությունը վերականգնեմ, կերել են արդարությունս: Եկեք, էլ հարց մի տվեք, էլի, ես խնդրում եմ ուղղակի:
- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք, որ ձեր այս նույն գործը քննող նոր դատավորը հօգուտ ձեզ որոշում կկայացնի:
- Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, չեմ ուզում հեռախոսը ձեր վրա անջատեմ: Ես չեմ ուզում լրատվություն տամ, տեսնեմ՝ ոնց է լինում, ոնց չի լինում, նոր կխոսենք:
- Պարոն Հակոբյան, իսկ 1000 ԱՄՆ դոլարը նախնակա՞ն վճարն էր, թե հավելյալ գումար էլ էիք վճարելու:
- Չէ, հենց 1000 ԱՄՆ դոլար: Վերջ էլ հարց մի տվեք:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նորիկ Հակոբյանի՝ վտարման պահանջի վերաբերյալ: Հայցի հիմքում, ըստ էության, դրվել է այն, որ Նորիկ Հակոբյանի Ներքին Շենգավիթ 12 փողոց 1-ին նրբանցք 4 հասցեի անշարժ գույքից հօգուտ Սյուզաննա Հակոբյանի դատարանի վճռով բաժնեմաս է առանձնացվել: Նորիկ Հակոբյանն իր բաժնեմասը վերանորոգելու նպատակով խնդրել է, որպեսզի հայցվորն իրեն տրամադրի իր բաժնեմասի տան բանալիները, այնտեղ ժամանակավոր բնակվելու համար։
Վերանորոգումն ավարտելուց հետո հայցվորը խնդրել է հետ վերադարձնել բանալիները, սակայն պատասխանողը հրաժարվել է։ Սյուզաննա Հակոբյանը դիմել է Ոստիկանություն, որտեղ պատասխանողը պարտավորվել է չխոչընդոտել հայցվորին՝ այնտեղ բնակվելու, սակայն բանալիները չի հանձնել հայցվորին։ Ինչից հետո Սյուզաննա Հակոբյանը հայց է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով Նորիկ Հակոբյանին վտարել սեփականության իրավունքով պատկանող տան իր բաժնեմասից, որը դատարանը բավարարել է։ Նորիկ Հակոբյանը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան. դատարանն էլ ուղարկել է նոր քննության, որը մակագրվել է արդեն դատավոր Իշխան Բարսեղյանին: Վերջինս, ըստ պայմանավորվածության, պետք է պատասխանողին ասեր, թե ինչպես հակընդդեմ հայց ներկայացնի, որպեսզի որոշումը հօգուտ Նորիկ Հակոբյանի լինի, սակայն չհասցրեց:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը Սերժ Սարգսյանի համաձայնությամբ հոկտեմբերի 29-ին կալանավորվեց:
Վերջինս, հիշեցնենք, ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի երեկոյան՝«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումում՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին: Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից): Այս գործի շրջանակներում ձերբակալված քաղաքացիական գործերով փաստաբան Էլզա Զաքարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Զաքարյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ: Երկուսն էլ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում եւ հրաժարվել են ցուցմունք տալուց եւ որեւէ դիրքորոշում հայտնելուց:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու վերաբերյալ: Դատախազությունը միջնորդության մեջ մանրամասն նկարագրել է, թե երբ է կաշառք ստանալու մասին օպերատիվ տվյալներ ստացել:
Մասնավորապես, ըստ դատախազության տվյալների՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը:
Հակոբյանը հայտնել է, որ իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի (գործով մեղադրյալ փաստաբանը,-հեղ.) բջջային հեռախոսահամարը, ինքը զանգահարել եւ հանդիպել է Էլզայի հետ, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է եւ ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչեւ երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար:
Հակոբյանը խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց եւ վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը:
Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում:
armtimes.com
Այս նյութը դիտել են - 4199 անգամ