Արդարադատության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեռ սեփական եկեղեցի չի կառուցել, սակայն նրա հոգեկերտվածքում կատարված լուրջ փոփոխությունները հանգեցնում են այն ենթադրությանը, որ այդ օրը հեռու չէ: Բանն այն է, որ Թովմասյանը դարձել է լուրջ հավատացյալ ու բարեպաշտ քրիստոնյա: Եվ ամանորի տոներից հետո իր ծանրաբեռնված օրգանիզմը աշխատավայր հասցնելուն պես նա որոշել է տարվա առաջին աշխատանքային օրը սկսել աղոթքով:
Թե ինչպես է Հրայր Թովմասյանը խորհրդարանում ծնկի եկել, աչքերը կկոցել ու մրմնջացել իր խոսքն առ աստված, դա ոչ ոք չի տեսել: Փոխարենը լուսաբացի արարողությունն ավարտելուց հետո նա շտապել է այդ մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում, ուր ասվում է. «Մեր պաղատանքը բարձրացնենք և աղոթենք մեր երկրի անսասանության, մեր եկեղեցու զորացման ու վերազարթոնքի, մեր ժողովրդի խաղաղության, սիրո համար, որպեսզի Աստվածային սերը, եղբայրական միաբանությունը թևածի մեր սրտերում»:
Այնուհետև մոլեռանդ էստազի մեջ հայտնված Թովմասյանը վերհիշել է Սուրբ Գրիգոր Տաթևացու մտքերն այն մասին, որ Աստված սիրում է և միաբանություն է ուզում, չի ուզում, որ իր ծառաները, իր Քրիստոնյա զավակները անմիաբան լինեն, ուզում է, որ ամեն տեղ տիրոջ սերը, խաղաղությունը, միաբանությունը լինի: «Մարդիկ նախ սրտով, հոգով Աստծո ողորմությամբ միաբան ու սիրով լինեն, այնուհետև կառուցեն ու շենացնեն իրենց երկիրն իրենց հայրենին, չարը ուզում է անմիաբանություն, ասում է Գրիգոր Տաթևացին, ուզում է մարդկանց խափանել, անմիաբան դարձնել, հեռացնել իրարից, Աստված ուզում է ժողովել, չարը ուզում է ցրել: Աղոթենք, որպեսզի Աստված մեր երկիրը, մեր հայրենին, մեր ժողովրդին միաբան, քրիստոնեական սիրով աստվածային սուրբ խորհրդի շուրջ միաբանի»:
Իհարկե, Թովմասյանը ոչինչ չի գրում այն մասին, թե չար ասելով որ ուժերին նկատի ունի և որն է բարին, ինչպես նաև որևէ խոսքով չի հստակեցնում, թե ինչպես կարելի է հասնել միաբանության, եթե շրջապատում ամեն ինչ միտված է երկպառակության խորացմանը: Փոխարենը հստակեցվում է մեկ այլ կարևոր բան: Փաստորեն Թովմասյանն էլ է հասկանում, որ այս երկրում այլևս ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի: Մնացել է միայն Աստծուց փրկություն ակնկալել:
Այս նյութը դիտել են - 1452 անգամ