Սեյրան Օհանյանն օֆշորում
2016-11-01 03:57:00
 «Իրատեսը», հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Սեյրան Օհանյանը, չնայած իշխանության ջանքերին, փակել է իր բոլոր հաշիվներն այդ նույն իշխանության հետ, եւ նրանից ավելի ընդդիմադիր Հայաստանում պարզապես չկա: Այդ մասին թերթին հայտնել է իր աղբյուրը:
Ավելի վաղ, մամուլում մի շարք տեղեկություններ են եղել, որ Սեյրան Օհանյանը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցությունը: 
Դալլաքյանն էլ մինչեւ բոլորովին վերջերս հանդիսանում էր իշխանության մաս` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ, սակայն մի քանի օր առաջ հայտարարեց կոշտ ընդդիմություն դառնալու մասին:
Մամուլը գրում է, որ Սեյրան Օհանյանն էլ կարող է դառնալ այդ ընդդիմադիր ուժի առաջնորդը: Երբ այդ մասին հարցրին Վիկտոր Դալլաքյանին, նա հայտարարեց, թե Օհանյանը պատիվ կբերի ցանկացած ուժի, բայց քանի դեռ նա չի արտահայտվել իր քաղաքական ծրագրերի մասին, ինքն այդ մասին չի խոսի:
Սեյրան Օհանյանը լռում է` պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո: Կա խոսակցություն, որ նա այդ պաշտոնից հեռացել է նեղացած, դժգոհ լինելով, որ Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել իրեն:
Թե ինչու Սարգսյանն այդպես որոշեց, դա էլ պարզ չէ: Այստեղ վարկածները տարբեր են` սկսած ապրիլի պատերազմում ի հայտ եկած խնդիրների համար պատասխանատվությունից, մինչեւ Սեյրան Օհանյանի տիկնոջ շուրջ ծավալված իրողություններ, որոնք ըստ տարբեր խոսակցությունների բավական անլրջացրել էին որպես նախարար Օհանյանի հանդեպ վերաբերմունքը բանակում:
Վարկածներից մեկն էլ թերեւս այն է, որ Սարգսյանը որոշեց մեկ հարվածով հանգուցալուծել հայկական զինուժի գորդյան հանգույց դարձած Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով դիմակայությունը, միանգամից հեռացնելով զինուժից երկուսին էլ:
Հավանաբար հնարավոր են նաեւ մի շարք այլ պատճառներ, շարժառիթներ, որոնք իհարկե չեն կարող կարեւոր չլինել, քանի որ առնչվում են չափազանց նշանակալի ոլորտի:
Բայց, տվյալ պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գործունեության ընթացքում որեւէ անգամ չի ցուցաբերել վարվող քաղաքականությունից քիչ թե շատ շոշափելի դժգոհություն, անգամ այն բանից հետո, երբ այդ քաղաքականությունը հանգեցրեց ապրիլի պատերազմին, եւ միայն մարդկային կյանքի ծանր գնով հայկական զինուժը կարողացավ կանխել այդ պատերազմի աղետալի հետեւանքն ու շրջել ընթացքը:
Ըստ այդմ, ներկայում հարց է առաջանալու, թե այժմ ինչի՞ն է ընդդիմություն լինելու Սեյրան Օհանյանը: Իրավիճակի՞ն, կառավարման մեթոդաբանությա՞նը, որակների՞ն, թե՞ պարզապես Սերժ Սարգսյանին: Եվ ամենակարեւորը` ինչի՞ց է Սեյրան Օհանյանը լինելու կամ դառնալու ընդդիմություն. Նա ընդդիմություն է դառնում այն պահից, երբ այլեւս նախարար չէ՞:
Այդ պարագայում, Սեյրան Օհանյանը կդառնա ոչ թե ընդդիմություն, այլ Հայաստանի քաղաքական կրկեսի, կամ ինչպես ռուսաստանցի հայտնի փորձագետն էր բնորոշել` կլոունադայի մաս: Դա կլինի հայկական բանակի իրապես վաստակավոր գեներալի գործունեության վախճանը: Ընդ որում, Օհանյանի համար հենց դա էլ թերեւս նախապատրաստվում է:
Բանն այն է, որ ներկայում նա ունի հանրային եւ պետական շահի տեսանկյունից արժեքավոր գործունեության ոչ վատ հեռանկար: Բայց, այդ հեռանկարն իրատեսական կարող է լինել այն դեպքում, երբ Օհանյանն առաջնորդվի հայկական քաղաքականության համար ոչ ստանդարտ տարբերակով: Հատկապես, երբ նրա առաջ են ստանդարտ ճանապարհով գնացած եւ ներկայում ընդամենը քաղաքական կրկեսի մասնակցի վերածված նախկին մի շարք պաշտոնյաների օրինակներ:
Այդ ճանապարհը բացառում է իշխանության հետ հաշիվներ փակելը: Խնդիրն ընդամենը օֆշոր տեղափոխվելն է, որովհետեւ Հայաստանի ընդդիմադիր դաշտն իր գերակշիռ մեծամասնությամբ հանդիսանում է Հայաստանի իշխանության քաղաքական օֆշորը:
Այս նյութը դիտել են - 3132 անգամ