Սովորելը միայն աշակերտի համար չէ, սովորենք, որ կարողանանք սովորեցնել:
2016-11-01 04:08:00
Կարծում եմ` ուսուցչուհուս մանկավարժական գործունեության ընթացքում տեղի ունեցած մի քանի դեպքերի պարզաբանմամբ կկարողանամ ասելիքս ձևակերպել: Բայց նաև ազնիվ զգացողությամբ եմ ասում` մենք պիտի սովորենք, որ կարողանանք սովորեցնել: 
Շրջանային առարկայական օլիմպիադայի օրերն էին: Ոչ մասնագետներ էին կցված տարբեր առարկաների: Մտա դասարան: Մի հայացքով նկատեցի, որ բոլորն անծանոթ էին, հիմնականում` գյուղական դպրոցներից եկած աշակերտներ: Այն ժամանակ առաջադրանքները պատճենելու հնարավորություն չկար, քիմիայի համար նախատեսված առաջադրանքները պետք է գրատախտակին գրեի, աշակերտները` արտագրեին: Եվ շուտով մի որոշ ժամանակ անց առաջարկեցի` գրատախտակի մի մասը մաքրել, որ մնացած հարցերի համար տեղ բացվեր, շարունակեի գրել: Բոլորը զարմացած ինձ էին նայում, հատուկենտ աղջիկներ կային, մեծ մասամբ` տղաներ, և ահա նրանցից մեկը կանգնեց: Սպասում էի, որ նա կմոտենա գրատախտակին, բայց հանկարծ լսում եմ նրա խոսքը, որ իրենց դպրոցում ուսուցիչներն են մաքրում իրենց գրածը:
Ինձ համար անսովոր էր երևույթը, ինչու՞ չէ, երբեմն ուսուցիչն էլ կարող է մաքրել, բայց գիտեի, որ մեր դպրոցում իրար հերթ չտալով` օրվա հերթապահներն ապահովում են գրատախտակի մաքրությունը: Լուռումունջ սրբիչը վերցնում եմ, հանկարծ տղաներից մեկը տեղից վեր է թռչում, գալիս, մաքրում է գրատախտակը: Ես նայում եմ մյուսներին, հատկապես ինձ «ծանոթ» այն տղային: Նա գլխահակ նստած էր: Բայց ո՞վ էր մեղավորը` գրատախտակը մաքրող ուսուցի՞չը, որ իր գրածը ինքը պիտի պարտադիր մաքրեր, թե՞ աշակերտը, ում այդպես էին սովորեցրել:
Վերապատրաստման դասընթացներում եմ: Ուսուցչուհիներից մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ վաղը չի մասնակցելու այդ պարապմունքներին, բայց իրեն գրած մայրենիի դասի մի թեմայի դասավանդման վերլուծություն ունի, ցանկալի է, որ այն վաղը փոխանցեմ մեկին: Վերցրի 12 թերթանոց տետրը, հետևի մասում բազմապատկման աղյուսակ կար, անմիջապես բացեցի տետրը ու մնացի զարմացած: Տետրը հետ վերադարձրի, բայց նաև չխուսափեցի ասել, որ մայրենիի ուսուցչուհին մաթեմատիկայի համար նախատեսված տետրում չպիտի գրեր: Երկուսս էլ զարմացած էինք մեկը մյուսի վերաբերմունքով, ես ամաչեցի այդ տետրը վերցնել, իսկ նա ձեռք թափ տվեց, թե նորից ուրիշ տետրում արտագրողը չէ: Համոզված եմ, որ այդ ուսուցչուհու աշակերտներին եթե տեսնեի հայերենի տառերը տետրի քառակուսի վանդակներում գրելիս, երբևէ չէի զարմանա:
Տարիներ առաջ էր… Տարրական դասարանում բաց դաս լսեցի, հետո ուսուցչուհիների մոտ տարաձայնություններ առաջացան: Զարմանալի էր, որ սխալ մասնագիտական կարծիքներ կային, և այդ սխալը պիտի անցներ աշակերտներին: Որոշեցի նրանց բացատրել հայոց լեզվի գաղտնարաններից մի քանի օրենքներ, բայց իմ որոշումն անկատար մնաց: Ակնհայտ էր նրանց դժգոհությունը, որ իրենք ամեն ինչ գիտեն… Լռեցի, երբ օրեր անց ծնող էր բողոքում, թե երեխայի տնային առաջադրանքում ուսուցչուհու կողմից սխալ ուղղում կա: Ու՞մ մեղադրել` ծնողի՞ն, որ բողոքում է, թե՞ ուսուցչուհուն, որ չի ուզում սովորել:
Եվ ես ուզում եմ ամեն օր ասել, որ միշտ էլ պիտի սովորենք, սովորելը միայն աշակերտի համար չէ, սովորենք ամեն մի նրբություն, որ կարողանանք սովորեցնել:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 4542 անգամ