Քաջ Նազար քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի ուժը բավականացնում է միայն ավագանու կին անդամների վրա գոռգոռալու համար, իրականում ոչ միայն կարող է վախկոտի համբավ ձեռք բերել, այլև սուտասանի: Համենայն դեպս, այս մի դեպքում փաստերը նրա օգտին չեն, իսկ առիթը կրկին Առաջին տպարանի պայթեցման գործն է: Այստեղ շատ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել, և Մարգարյան Տարոնին հազիվ թե հաջողվի անվնաս դուրս սողոսկել այդ պատմությունից:
Բանն այն է, որ տպարանի շենքի պայթեցման մասին առաջին հրապարակումը տարածեց լուսանկարիչ Գագիկ Շամշյանը, որն իր նյութում ժամը 17.15 րոպեին մասնավորապես գրել էր. «Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պայթեցումը տեղի ունեցավ, և մինչ այդ նշված շինություն էր այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը»:
Այն, որ քաղաքապետն այնտեղ եղել էր ու Շամշյանն էլ իր աչքով տեսել էր, կասկածից վեր է: Այլապես ինչո՞ւ մարդն այդ մասին պիտի գրեր, ի՞նչ հիմքով: Եվ այս փաստը կմնար անհերքելի, եթե դեպքից անմիջապես հետո հասարակությունն իր բողոքի ձայնը չբարձրացներ: Իսկ երբ աղմուկն ահագնացավ, Մարգարյան Տարոնն անմիջապես անհետացավ ասպարեզից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը շտապեց հայտարարել, թե իբր Երևանի քաղաքապետը պայթեցման եղանակով շենքն ապամոնտաժելու մասին տեղյակ չի եղել և իրականությանը չի համապատասխանում հրապարակումը, թե նա եղել է այդ հասցեում։ Սա արդեն կատակերգության ժանրից էր: Ուրեմն Շամշյանը տեսել է Տարոնի ուրվականը, որ շրջում է քաղաքում՝ ամեն մի ոչնչացող շենքի մոտ, և որտեղով նա անցնում է, այնտեղ միայն ավերակներ ու փոշու ամպեր են գոյանում:
shame.am