Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակը խորհրդանշական տվյալներ է պարունակում հատկապես ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնեսի մասով (խոշոր հարկատուների ցուցակում Սամվել Ալեքսանյանը ներկայացված է երեք խոշորագույն տնտեսվարողների՝ «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա եւ Գ» ընկերությունների մուծումներով:
Այսպես՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 11 մլրդ 103 մլն 233,2 հազար դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 850 մլն դրամով:
Սամվել Ալեքսանյանին պատկանող մյուս խոշոր ընկերությունը՝ «Նատալի ֆարմ»-ը, որը, ինչպես հայտնի է, զբաղվում է դեղերի արտադրությամբ և դեղատների ցանց ունի ողջ հանրապետությունում, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 336 մլն դրամ հարկ՝ նախորդ տարվա 2 մլրդ 710 մլն-ի դիմաց:
Բրենդային օղիների նմանակմամբ զբաղվող «Ա եւ Գ» ընկերությունը, որը «Ալեքս Գրիգ» ընկերության անվանման կրճատված տարբերակն է, առավել հայտնի է վիսկիների արտահանմամբ, այս տարվա առաջին եռամսյակում մուծել է 1 մլրդ 540 մլն դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է ավելի քան 800 մլն դրամով: Այսպիսով՝ տարվա առաջին 9 ամսվա ընթացքում նշված երեք ընկերություննրը միասին ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ դրամ ավելի քիչ հարկ են մուծել պետական բյուջե, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Սա բավականին ուշագրավ իրողություն է բյուջեի մուտքերի թերակատարման և ստվերի դեմ պայքարի համընդհանուր պայքարի համատեքստում: Փաստորեն, որքան հուժկու է կառավարությունը պայքարում մենաշնորհային բիզնեսների և օլիգոպլիաների դեմ, որքան շատանում և բազմանում է օլիգարխ պատգամավորի խանութների ցանցը, այնքան նվազում են նրա վճարած հարկերը:
Օրեր առաջ Hayeli.am-ը տեղեկություն էր հրապարակել նոր վարչապետի կողմից Սամվել Ալեքսանյանին ներկայացված պահանջների վերաբերյալ: Մասնավորապես մեզ հայտնի էր դարձել, որ նոր կառավարությունը բյուջեն լցնելու առումով կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Տևական ժամանակ Ալեքսանյանի հարկային մուծումները ամսական կազմել են 120-125 մլն դրամ: ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Ալեքսանյանի մուծումների նշաձողը բարձրացվել է մինչև 200-250 մլն դրամ:
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը, ով, ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անմիջական անդամ է, Սամվել Ալեքսանյանից ամսական մինչև 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տևական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ՝ պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել: Ալեքսանյանին տրվել է խոստում, որ բոլորն էլ շատ են վճարելու, և խստացումները միայն իր վրա չեն տարածվելու:
Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում բավական հաճախ է այցելում կառավարություն:
Թե այդ հանդիպումները ինչպես կանդրադառնան բյուջեի մուտքերի վրա, և դրա արդյունքը որքանով կերևա խոշոր հարկատուների տարեվերջյան ցուցակում, ցույց կտա ժամանակը:
Դավիթ Մանուկյան