«Առավոտ»-ը «Առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետեւել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում՝ վարչապետն ասել էր, թե Երեւանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։ «Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի»,- պատասխանել է Կարապետյանը, բայց ձեռնպահ է մնացել կառավարության ղեկավարին մեկնաբանելուց։
«Վարչապետի որոշումը եւ ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունք ունեմ,- ասել է թերթի զրուցակիցը,-վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետեւանքը։ Այնպես չի, որ իրազեկում չի եղել. Իրազեկվել են ԱԻՆ-ը, Ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին։ Իսկ ո՞վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»։
Գենիկ Կարապետյանը նշել է, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել, բայց տեղյակ է, որ որեւէ մեքենա դուրս գալու խնդիր չի ունեցել. «Մի մեքենա է կանգնած եղել, սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի»,- ասել է սեփականատերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 5675 անգամ