Երեքշաբթի օրը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ անհիմն է համարում «Ջոմհուրիեթ» օրաթերթի մի քանի լրագրողների ձերբակալման և մամուլի ազատության հարցում ԵՄ կարմիր գծերն անտեսելու կապակցությամբ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի քննադատությունները:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Յըլդըրըմը խոսքն ուղղելով ԵՄ-ին նշել է. «Թուրքիայի համար ԵՄ-ի կարմիր գծերը նշանակություն չունեն: Մեր ժողովուրդն ինքն է սահմանում իր կարմիր գծերը»:
Parstoday-ի փոխանցմամբ, Եվրոխորհրդարանի նախագահը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ընդդիմությանը պատկանող «Ջոմհուրիեթ» օրաթերթի մի քան լրագրողներին, այդ թվում խմբագրին բերման ենթարկելով, Թուրքիան խախտել է խոսքի ազատության կարմիր գծերը:
«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն, Ջոմհուրիեթ օրաթերթն իր խմբագրի ու խմբագրական կազմի մի քանի անդամների ձերբակալության հաջորդ օրը հրապարակված երեքշաբթի օրվա համարի առաջին էջի գլխավոր խորգարում գրել է. «Չենք հանձնվելու»:
Թերթի առաջին էջում, սև շրջանակի մեջ գրվել է . «Օրաթերթի խմբագրի ձերբակալմամբ ևս մեկ հարված հասցվեց Թուրքիայում մամուլի ազատությանը»:
Երկուշաբթի օրը, մի խումբ բողոքարարներ համախմբվելով Ստամբուլում գտնվող «Ջոմհուրիեթ» օրաթերթի խմբագրության շենքի դիմաց, իրենց բողոքն են արտահայտել թերթի գլխավոր խմբագրի ձերբակալության դեմ:
Հանրահավաքին մասնակցում էին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանն ու Սելին Դողանը:
Նշենք, որ Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը ներխուժելով «Ջոմհուրիեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունչիի և թերթի խմբագրության մի քանի անդամների բնակարանները, ձերբակալել էին վերջիններիս:
Այս նյութը դիտել են - 6931 անգամ